Arsen Ghazaryan Արսեն Ղազարյան

* 1952

  • Հետաքրքիրն այն է, որ մինչև ազատվելս՝ մայիսին, մեր գաղութ եկավ Երևանի Պետական անվտանգության կոմիտեի ներկայացուցիչներից մեկը։ Հետս հարցազրույց ունեցավ, մի երկու ժամ իրար հետ խոսեցինք։ Երևի առաքելությունն այն էր, որ տեսնի հետս փոփոխություն կա, որովհետև երեք ամիս հետո ազատվելու էի։ Դե իմ բռնվելու օրը կիրակի էր ընկնում, շաբաթ օրը առավոտ շուտ բանտից թողեցին, յոթ օր մնացի նոր բանտում։ Առավոտյան ժամը տասմեկին դուրս եկա, տեսա, որ էդ չեկիստն է ինձ սպասում բանտի դիմաց։ Հարազատ ախպերս ա։ Բա ո՞ւր տանեմ քեզ, Արսեն, տուն չեմ տանի։ Ասեցի՝ դե որ տուն չես տանի, ինձ իջացրու կայարանում, էնտեղից ես կգնամ։ Նախօրոք ասել էր, որ մետրոն բացվել է, բանվորի արձանն են դրել։ Բերեց կայարան, մետրոյի փող տվեց, մի հինգ ռուբլի էլ լրացուցիչ տվեց։ Էնտեղից եկա հրապարակի մետրո, իջա, գնացի Կոմայգի։

  • 1979-ին գնացի Մոսկվա՝ աշխատելու։ Հետաքրքիրն այն է, որ ստեղ մեկը կար էդ երիտասարդների խմբակի մեջ՝ Սմբատ անունով։ Սկզբում էլ էդ երիտասարդը կասկածելի էր թվում։ Մոսկվայի կենտրոնում ման եմ գալիս փողոցներով, դուրս եկա խաչմերուկ, Սմբատը դեմս դուրս եկավ։ Ասեցի՝ ես ձեզնից եմ փախնում, դուք որտեղի՞ց հայտնվեցիք դիմացս։ Փաստորեն, Սմբատին գործուղել էին հետևիցս։

  • Սկսեցի հաճախել Կոմայգի։ Երբ այնտեղ սկսում էի խոսել, բոլորը հավաքվում էին։ Ու ինձ հետաքրքրում էին ջահելները։ Մարզպետի հետ պայմանավորվել էինք, որ լավ, ընդունակ ջահելներ հավաքագրեմ, ծանոթացնեմ իր հետ, կազմակերպությունը մեծացնի։ Տենց մի քանի հոգու Մարզպետի հետ ծանոթացրի՝ Իշխան Մկրտչյանին,- իմիջիայլոց նրա անունն Իշխան չէր, Կնյազ էր, ե՛ս դրեցի Իշխան,- Վարդան Հարությունյանին։ Կազմակերպություն ստեղծեցին իրենք, ես ուղղակի կադրեր էի իրենց մատակարարում։

  • Տուն թուղթ էր եկել, ծանուցում էր եկել դատախազությունից։ Օգոստոսի 16-ին ինձ կանչել էին դատախազություն։ Մի երկու օր հետո դուրս եկա փողոց, մի մանկության ընկեր ունեմ, իրեն ասեցի՝ ինձ Սպանդարյանի [խմբ․- Երևանի վարչական շրջաններից մեկը] դատախազություն են կանչել, կարո՞ղ ա տեղն իմանաս։ Ինքը տաքսի էր քշում։ Ասեց՝ քաղմասի կողքը պիտի լինի։ Իրար հետ գնացինք։ Օգոստոսի 22-ն էր։ Գնացինք, մտա, դատախազի տեղակալն էր էնտեղ, ասեց՝ սպասի, հիմա քննիչը կգա։ Ասեցի՝ ինձ սպասող կա, ճանապարհեմ։ Իջա, էդ ընկերոջս ասեցի՝ դու գնա, ես հեսա մի երկու ժամից կգամ։ Էդ երկու ժամը երկու տարի դարձավ։ Ըտեղից ուղիղ բանտ տարան:

  • 1980-ի մայիսի 20-ն էր թե 21-ը, չեմ հիշում, մեր տան դիմաց մի Գազ-24 կանգնեց, չորս չեկիստներ և նրանց վարորդն էին։ Եկան, տունը խուզարկեցին, ժամը ութից տասներկուսը չորս ժամ խուզարկեցին։ Ինձ տարան Պետական անվտանգության կոմիտե, հարցաքննեցին մի օր, երկու օր, երեք օր, հարցաքննում, թողնում էին։ Երրորդ օրը հարցաքննելուց հետո մի քիչ շուտ թողեցին, մյուս երկու օրերին մինչև գիշերվա տասնմեկը հարցաքննում էին, երրորդ օրն ասացին՝ քաղաքից չբացակայես, այգի էլ չգնաս։ Ասեցի՝ ստեղից որ դուրս եկա, պիտի գնամ Կոմայգի։ Ինչի՞ մասին ա խոսքը։ Իմ հանգստի տեղն ա դա։

  • Մինչև բանակը ավտոպահեստամասերի գործարանում էի աշխատում, զորացրվելուց հետո նորից էնտեղ աշխատանքի ընդունվեցի, ու 1973-ի այս ժամանակները, այսինքն՝ ամռանը, հիմա սեպտեմբերն է, ծանոթացա Շահեն Հարությունյանի հետ։ Դե մինչև դա քաղաքական ակտիվություն ունեցել եմ՝ թե՛ դպրոցական շրջանում, թե՛ ավտոպահեստամասերի գործարանում՝ մինչև բանակը։ Ծխարանում նստած խոսելիս ծխեցինք, վերջացրինք, գալիս էի գործի, Շահենն ասեց՝ «մի րոպե, ձեզ կարելի՞ է, երիտասա՛րդ»։ Ինքն ինձնից տարիքով էր։ Ծանոթացանք, ու Շահենը դարձավ իմ «քաղաքական նաստավնիկը/ուսուցիչը»։

  • Full recordings
  • 1

    Yerevan, 02.09.2023

    (audio)
    duration: 01:01:25
    media recorded in project Memory of Armenian Nation
Full recordings are available only for logged users.

Խորհրդային տարիներին ընդհատակյա կազմակերպությունների ղեկավարներին ծանոթացնում էի տաղանդավոր այլախոհ երիտասարդների հետ։

Արսեն Ղազարյանը ԽՍՀՄ ժամանակներում
Արսեն Ղազարյանը ԽՍՀՄ ժամանակներում
photo: pamětník

Արսեն Ղազարյանը ծնվել է 1952-ի օգոստոսի 19-ին Երևանում։ Ստացել է միջնակարգ կրթություն, որից հետո սկսել է աշխատել ավտոպահեստամասերի գործարանում։ Բարձրագույն կրթություն չի ստացել։ 1971-1973-ին ծառայել է խորհրդային բանակում։ Դեռ դպրոցում հաճախ հանդես է եկել հակախորհրդային հայտարարություններով։ 1973-ին՝ բանակից վերադառնալուց հետո, ծանոթացել է Շահեն Հարությունյանի և նրա եղբոր՝ Մարզպետ Հարությունյանի հետ։ Արսեն Ղազարյանը ընդհատակյա գործունեությամբ չի զբաղվել, սակայն առնչություններ է ունեցել ընդհատակյա կառույցների անդամների հետ։ Նա հաճախում էր Կոմայգի, որտեղ այդ տարիներին տարբեր տարիքի և մասնագիտությունների մարդիկ էին հավաքվում և զրուցում տարբեր թեմաներից՝ քաղաքականությունից ու պատմությունից։ Ղազարյանը ևս հաճախ ելույթ է ունեցել այդ հավաքներին։ Նրա միջոցով են Ազգային միացյալ կուսակցության երիտասարդական թևի ապագա անդամներ Վարդան Հարությունյանը և Իշխան Մկրտչյանը ծանոթացել Մարզպետ Հարությունյանի հետ և անդամակցել կառույցին։ Արսեն Ղազարյանը կալանավորվել է 1980-ի օգոստոսին՝ երկու տարով։ Մեղադրվել է Խորհրդային Հայաստանի քրեական օրենսգրքի 69-րդ (ազգային և ռասայական իրավահավասարությունը խախտելը) և 206-րդ (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ սուտ հերյուրանքներ տարածելը) հոդվածներով։ Պատիժը կրել է Նովոսիբիրսկի՝ քրեական կալանավորների համար նախատեսված կալանավայրում։ Ազատ արձակվելուց հետո մինչև ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի ղեկավարման շրջանը եղել է Պետանվտանգության կոմիտեի հսկողության տակ։ Քաղաքական և հանրային գործունեությամբ չի զբաղվել։ Մասնակցել է նաև 1988-ի Ղարաբաղյան շարժմանը։ Արսեն Ղազարյանն ապրում է Երևանում, աշխատում է ավտոկայանատեղիում։