Ես կարտելներում ամենաշատը նստած կալանավորներից եմ եղել։
Ուրեմն մի բանաստեղծություն կար․
Բա՛նտ, ազատության մայրն ես միշտ եղել,
Եվ սիրում է քեզ կալանավորը։
Շատ սիրուն գործ էր, երեք տուն էր։
Բանտերում եղած չլինեի, չէի իմանա, որ մարմինս թողել եմ խցում, դուրս եմ եկել։ Հետո տարիներ անցան, որ սկսեցի գրի առնել, հանկարծ սկսեցի հասկանալ, որ էդ կարտելներում ով նստում էր մեկ-երկու անգամ, դուրս էր գալիս, ասում էր՝ ես էլ չեմ նստի, ինչ ասեք կանեմ, բայց ես երեք հարյուրից ավել անգամ եմ նստել, հեչ պետքս չի եղել։
Հիմա մեկ-մեկ որ փափուկ տեղ եմ քնում, անհարմար է լինում, իսկ առաջին կարտելների ժամանակ ոնց որ ծեծ կերած դուրս գայի։ Ուրեմն քո մարմնի, ոսկորների ծանրությունը քո մկանները ջարդուփշուր է անում փայտերի վրա։ Հետո ընթացքում վարժվեցի, բայց անցավ մի քսան տարի, նոր հասկացա, որ դու կենդանի ես մնացել շնորհիվ նրա, որ կարողացել ես երազել, քո երազներով պոկվել, մարմնիցդ դուրս գալ, հետո հետ գալ։
Ինչ դրվագներ եմ հիշում։ Երբ հսկիչը դուռը թակում էր, ասենք՝ բան պիտի ասեր, զարթնում էի ու մտածում՝ ո՞նց, ես Գեղարդի սարերում չե՞մ, էս որտե՞ղ եմ, վա՜յ, կարտելում եմ։ Էս տեսակ բաները, իհարկե, փոխում են քեզ, թույլ են տալիս հասկանալ, որ քո պատկերացրած իրականությունից բացի այլ իրականություն կա, բայց թե ոնց դա դարձնես քո ժողովրդի իրականությունը, չգիտես, որովհետև անգամ երեխաներիդ դժվարությամբ ես բացատրում։
Քննչական մեկուսարանում ամենաշատ կարդացող տղան էր հսկիչների մեջ, տեսնում էինք էլի, հետո իմացանք, որ իրավաբանականում է սովորում, դուռը թակեցի, մոտեցավ՝ ասում եմ՝ էս գրությունը տուր Աշոտին։ Ասաց՝ ինձ ինչի՞ տեղ ես դրել։ Ասացի՝ քե՞զ․․․ մարդու տեղ եմ դրել։ Շրխկոցով փակեց դուռը։ Գնացել, երևի մի տասը րոպե մտածել էր, որ էս ինչ ասաց, ինձ մարդու տեղ է դրել, դրա համար գրությունը տալիս է, որ տամ։ Հետ եկավ, ասաց՝ տուր գրությունը, Աշոտը լավ տղա է, դրա համար եմ տանում։ Տարավ, հետո էլ Աշոտից պատասխանը բերեց։ Կապեր ունեինք մենք բանտում, բայց լրացուցիչ կապերը չէին խանգարում։
Եվ միանգամից որպես օրինակ ասեմ՝ ինչ կատարվեց։ Մի օր առավոտ զարթնում ենք, դե տասնութ հոգի էինք նստած Ազգային միացյալ կուսակցության գործով․․․ զարթնում ենք ու տեսնում, որ ոչ մի հայ հսկիչ չկա։ Մոսկավայից հանձնարարել էին բոլոր հայ հսկիչներին տանել։
Տարիներ անց ես դրա գնահատականը իմանում եմ։ Պետական անվտանգության կոմիտեի հին փորձառու մարդիկ սկսում են Ազգային անվտանգության ծառայությանը դասեր տալ։ Դասեր տալու ժամանակ բացատրում են, սովորեցնում, որ չկա մարդ, որին հնարավոր չէ հավաքագրել, ամեն մարդ իր թույլ տեղն ունի, այդ թույլ տեղը գտնում ես, թույլ տեղով արդեն առաջ ես գնում, և երբ որ ուսանողներից մեկը հարցնում է, ասում է՝ դե որ էդպես է, բա դուք ինչու Պարույր Հայրիկյանին հինգ անգամ դատեցիք, բայց չկարողացաք հավաքագրել, նա ասում է՝ լինում են բացառություններ՝ ինքն էր բանտում նստած մեր մարդկանց հավաքագրում։
Ազգային միացյալ կուսակցությանը մենք համարում էինք շատ գաղտնի, շարքային անդամներից ղեկավարությանը բավական հեռու գտնվող կառույց: Ես իհարկե հենց առաջին շփումներից հասկացա, որ կարևոր դեմք է Ստեփան Զատիկյանը, ինչ-որ չափով նաև Շահեն Հարությունյանը, չնայած Ստեփանը շատ ավելի երիտասարդ էր։ Գիտեի, որ կա էլի ինչ-որ մի ղեկավարություն։ Հետագայում իմացա, որ իրականում այդ եռյակն է եղել հիմքերի հիմքը [խմբ․- Շահեն Հարությունյան, Հայկազ Խաչատրյան, Ստեփան Զատիկյան], Ստեփան Զատիկյանի մի քանի կուրսեցիներ, և խումբը այդքան մեծ չէր եղել, ծրագրվում էր ապագայի համար ստեղծել։
Հայկազ Խաչատրյանի հետ ծանոթացել եմ առաջին կալանքիս տարիներին։ Ուրեմն ինձ 1969-ին ձերբակալեցին, կալանավորեցին, 1970-ին ի վերջո եղա Հայկազ Խաչատրյանի հետ նույն ճամբարում։ Ինքն այն ժամանակ հիսունն անց էր, ես քսան տարեկան էի։ Շփվել ենք, ես իհարկե սովորել եմ որոշ բաներ,- բայց էնպես չէր, որ գաղտնապահական կանոններ կամ այլ բան [խախտել եմ],- ավելի շատ ես Ազգային միացյալ կուսակցության ծրագիր-կանոնադրությունը կարդալով է, որ իմացել եմ իրենց պատկերացումների մասին։
Գաղտնապահական կանոնների հարցում շատ մեծ էր Ստեփան Զատիկյանի դերը՝ կարգապահություն, որևէ ավելորդ բան չիմանալ։ Օրինակ, ինքն ասում էր՝ ամենահզոր մարդն անգամ կարող է քնած ժամանակ խոսել, դրա համար պետք է աշխատել ոչ թե կարողանալ գաղտնի պահել, այլ որ ամեն ոք իմանա հնարավորին չափ քիչ, ամեն ոք իմանա այն, ինչ անհրաժեշտ է իմանալ։ Էդ դեպքում գործը շահում է։
Շահեն Հարությունյանն ինձ այլ տեսանկյունից բացահայտեց մեր գործունեությունը՝ սիրո մասին։ Էնտեղ մի դրվագ եղավ, երբ տեսել էր ինքը իմ մտերմուհուն, հետո հարցրեց՝ ինչպես է, ասացի՝ կապերս խզել եմ, որովհետև Ստեփանն ասաց՝ մենք պիտի մտերմուհի չունենանք, մեր մտերմուհին մեր հայրենիքն է։ Ծիծաղեց, վրդովվեց, ասաց՝ մեր ամբողջ պայքարը սիրո համար է, ոնց կարելի է սերը մերժել ու պայքարել սիրո համար, բայց արդեն հարցն ի վերջո լուծված էր։ Դա իմ առաջին բուռն զգացումն էր, որ երևի պետք էր, որ ես կարողանայի հետո հեշտությամբ տանել նման բաները։
Շանթի մասին այն ասեմ, որ թռուցիկներ էինք բաժանում, հետաքրքիր ձև էինք գտել։ Ուրեմն, թռուցիկը ձեռքին կանգառում, ասենք ավտոբուսի կանգառում կանգնած են, հենց ավտոբուսը պիտի շարժվի, պատին՝ դրսի կողմից, փակցնում էին լուսամուտին, այսինքն՝ ներսից կարդացվում էր, բայց պոկել չէր լինի։ Դա մեր սիրած ձևերից մեկն էր, մեր հնարած ձևերից մեկը։ Մինչև հաջորդ կանգառ էր հասնում, կանգնում էր, ահագին մարդ կարդում էր։
Ես սկսել եմ զբաղվել հանրային կյանքով մի քանի պատճառով։ Նախ զգում էի, որ շատ բաներ հանրային կյանքում ներդաշնակ չեն՝ սկսած, որ դպրոցում ջոկատավար էին ընտրում և մեկին պարզապես նշանակում էին այդ պաշտոնին, ասում էին՝ իրեն ընտրում ենք։ Ես էլ առաջին անգամ այդ ժամանակ եմ զգացել, ասել եմ՝ ընտրել նշանակում է ինչ-որ բաներից մեկին ընտրել, դուք մեկին եք նշանակել, ո՞նց եք ընտրում։ Բա չէ, էդպես է ընտրությունը։ Դա չեղավ ընտրել, դա եղավ հաստատել։ Առաջին լուրջ վեճերը այդ հողի վրա եմ ունեցել։
Հետո ստեղծել եմ դպրոցական խումբ 9-րդ դասարանում՝ 16 տարեկան հասկանում։ Այդ խմբի անունն էր Անխախտ եռյակ, որովհետև երեք ընկերներ էինք, հետո երբ չորրորդ ընկերը միացավ, կոչեցինք Հայ երիտասարդների միություն։ Դա 1965-ին էր։ Այդպես սկսել եմ։
ամբողջ կյանքս նվիրել եմ Հայաստանի անկախ և ժողովրդավար լինելու գաղափարին։
Պարույր Հայրիկյանը ծնվել է 1949-ի հուլիսի 5-ին Երևանում։ Մայրը տրիկոտաժի գործարանում կադրերի բաժնի վարիչ էր, հայրը էլեկտրիկ/էներգետիկ էր։ Մայրական կողմից արմատները Արևմտյան Հայաստանի (Արևելյան Թուրքիա) Վան քաղաք են տանում, իսկ հայրական կողմից՝ դեպի Կոստանդնուպոլիս (այժմ՝ Ստամբուլ):
Հայրիկյանը սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում և միաժամանակ աշխատել Սովետաշենի տրիկոտաժի ֆաբրիկայում։ Սա տեղի է ունեցել մինչև նրա կալանավորումը։
Դեռ դպրոցական տարիներից նա հայերենասիրական գործունեություն էր փորձում ծավալել։ Կազմավորել է Հայ երիտասարդների միություն խմբակը, որը թռուցիկներ էր տարածում։ Ապա կապ են հաստատում ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հետ և դառնում կուսակցության անդամներ։ Հայրիկյանը հիմնում է Շանթ կազմակերպությունը, որը ԱՄԿ-ի երիտասարդական կառույցն էր։
Կուսակցության ղեկավարների կալանավորումից հետո Հայրիկյանը փոխարինում է նրանց, կազմակերպում «Ցասում» վերնագրով թռուցիկի տպագրումը և տարածումը։
1969-ին կալանավորվում է նաև Պարույր Հայրիկյանը։ Սա նրա առաջին ազատազրկումն էր, որը տևում է չորս տարի։ Հետագայում Հայրիկյանը մի քանի անգամ ևս դատապարտվում է անազատության, սակայն չի դադարում զբաղվել Հայաստանի անկախության համար պայքարով։
Հայաստան է վերդառանում 1987-ին, Ազգային միացյալ կուսակցության հենքի վրա ստեղծում է Ազգային ինքնորոշում միավորումը։ 1990-ին ընտրվում է Գերագույն խորհրդի, 1995-ին՝ Ազգային ժողովի պատգամավոր։
Հայրիկյանն ապրում է Երևանում, գլխավորում է Ազգային ինքնորոշում միավորում կուսակցությունը։
Պարույր Հայրիկյանը զբաղվել և զբաղվում է նաև գրական գործունեությամբ։ Նա հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու, «Լույսի ճանապարհին» վեպը, «Հավատով և սիրով» սցենարը, քնարական և հայրենասիրական երգերի երեք ալբոմ, մի քանի վավերագրումներ։
Ներկայում աշխատում է «Ազատության ճանապարհի բանտերում» գրքի երրորդ և չորրորդ հատորների վրա, նաև զբաղվում է բացարձակ ժողովորդավարության մոդելը կյանքի կոչելու աշխատանքներով։ 2013-ին հրատարակել է «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» գիրքը։