Anna Israyelyan Աննա Իսրայելյանը

* 1966

  • 1992-ին ես որդի ունեցա։ Նավթի վառարանը անընդհատ փռթկում էր, ու մուրը նստում էր նորածին երեխայիս դեմքին։ Բայց անգամ էդ պարագայում ես երբեք չեմ ափսոսել, որ 88-ին էդ շարժման մասնակիցը դարձա, որովհետև ես գիտեի, թե ինչի համար է դա արվում։ Եվ դրա համար եմ ցավ ապրում, որովհետև մեր ամբողջ կենսագրությունը զրոյացավ։

  • Չէի ասի, թե ՀԽՍՀ իշխանությունները հանդուրժող էին։ Պարզապես մտածում եմ՝ Էլ ի՞նչ պիտի անեին։ Տանկեր մտցրել էին քաղաք, հանրահավաքի վայրը շրջափակել էին, շարժման գործիչները կալանավորված էին, երկրում պարետային ժամ էր հաստատված։

  • 1988-ի մայիսին Իգոր Մուրադյանը հանրահավաք կազմակերպեց Օպերայի հրապարակում ի աջակցություն Կարեն Դեմիրճյանի, որից հետո հայտարարվեց Ղարաբաղ կոմիտեի նոր կազմը առանց Իգոր Մուրադյանի։ Հիշում եմ, որ լիքը բամբասանքներ կային, ինչ-որ գործարքների մասին էին ակնարկում։ Էդ ժամանակ հստակ տարանջատվեց անկախականների թևը և մարդիկ, որոնք էդ խնդրի լուծումը տեսնում էին խորհրդային համակարգում։ Խոսում էին, որ էնտեղ դավաճանություն է եղել։ Ամեն դեպքում, ես շարժման սովորական մասնակից էի, և որոշումների ընդունմանը տեղյակ չեմ և չեմ ուզում հետին թվով ավելի իրազեկ երևալ, քան էն ժամանակ եղել եմ։

  • Ղարաբաղ կոմիտեի գրեթե բոլոր անդամների միջև ինչ-որ պահի կատու անցավ։ Չնայած Համբարձում Գալստյանն ինձ ասում էր, որ իր հայրն ասում էր. «Դուք Վանոյին մեղադրում եք ոչ թե էն պատճառով, որ ինքը էդպիսին է, այլ որ ինքը կարող է էդպիսին լինել, իսկ դուք էդպիսին չեք»։ Արդեն իշխանության անցնելուց հետո իրենց միջև երկպառակությունը, տարաձայնությունները գնալով խորանում էին գործելակերպի ու զանազան այլ հարցերի վերաբերյալ։ Չեմ հիշում, թե ինչն էր Ղարաբաղ կոմիտեին բերել էն հրեշավոր համաձայնությանը, որ իրենց նախկին զինակցին (Համբարձում Գալստյանին) սպանեն։ Էս հարցը ինձ անակնկալի բերեց, թե չէ կփորփրեի արխիվս։ Համբարձումը հասցրել էր հուշեր գրել, ինձ տալիս էր կարդալու։

  • Մենք նրանց վերաբերվում էինք իբրև մեզնից վերև կանգնածների։ Նրանք իրենց հետագա գործողություններով պարզապես ցույց տվեցին, որ մարդիկ են, որոնք կարող են և սխալվել, կարող են փառասիրություն ունենալ, ստացած իշխանությունը փորձել ծառայեցնել իրենց։ Գուցե այդ իմաստով հիասթափությունը անխուսափելի էր, երբ նրանք արդեն հեղափոխական առաջնորդներ չէին, այլ ունեին իշխանություն, որը այլասերում է մարդուն։

  • Հավաքվել էին այն ժամանակվա Թատերական հրապարակում ու գոռում էին, ինչ գործարանի անուն տալիս էին, բոլորը վանկարկում էին՝ փակել-փակել։ Պղնձամոլիբդենայինը փակել, սա փակել, նա փակել։ Հետո ելույթ ունեցավ երգահան Տիգրան Մանսուրյանն ու ասաց, որ մեր ինքնության խորհրդանիշը Արարատն է, բայց էսօր մենք Արարատ չունենք, որովհետև թունամշուշը՝ սմոգը, փակել է Արարատը մեր աչքի առաջից, ու մարդկանց մի մասը սկսեց գոռալ՝ բացել։ Նկատի ունեին Արարատի ճակատը, բայց մյուսները իներցիայով դեռ գոռում էին փակել, ու հնչում էր՝ բացել-փակել-բացել-փակել։ Հասկանո՞ւմ եք, չէ՞, որ ուսանողի համար գիտակցումը չկար, թե պատմական ինչ իրադարձությունների մասնակից է։ Ես ավելի շատ այդ տեսակ բաներ եմ հիշում։

  • «Այն ժամանակ Ղարաբաղ կոմիտեի անդամները ինձ համար կիսաստվածներ էին։ Միայն հետո սկսեցի նրանց գործողությունները լրագրողի աչքով քննել։ Բնապահպանական ծայրահեղականությունը ինձ մոտ հասել էր այն աստիճանի, որ 1989-ի մայիսի 1-ի շքերթին հրապարակ էի մտել «Փակել բոլոր գործարանները» պաստառով։ Հիմա հասկանում եք, չէ՞, թե դա ինչքան ծիծաղելի է։ Այդ ժամանակ քաշքշեցին, պաստառը ձեռքիցս խլում էին։ Ես ինձ հերոս էի զգում։» «Եթե մեկը ձեզ այդ ժամանակ խնդրեր գրագետ ձևակերպել, թե ինչու փակել բոլոր գործարանները, կկարողանայի՞ք։» «Գրողների միությունում հավաքներ էին լինում, որտեղ խոսում էին Կարինե Դանիելյանը, Խաչիկը Ստամբոլցյանը և ժամանակի այլ ականավոր բնապահպաններ։ Նրաքն ասում էին, թե այդ գործարանները որքան վնաս էին հասցնում մարդու առողջությանը, ու ես սրբորեն հավատացած էի, որ դա ինչ-որ դավադրություն է մեր գենոֆոնդը շարքից հանելու համար։»

  • Ես շատ խոր գիտելիքներ չունեի, պարզապես ուզում էի, որ Ղարաբաղը նորից մերը լինի։ Ես ուզում էի անկախ Հայաստան։ Եթե կարդացել եք ՄեդիաՄաքսի նյութը, պիտի տեսնեք, որ եռագույն դրոշով առաջին ցույցի մասնակիցներից մեկն եմ էղել։ Սեպտեմբերին մինչև Մուսա լեռ գյուղ գնացինք։ Մի անգամ էլ էդ մեջբերումը արեցի. «Եթե երիտասարդ ես ու հեղափոխական չես, ուրեմն սիրտ չունես, իսկ եթե տարեց ես ու հեղափոխական ես, ուրեմն խելք չունես»։ Մեջբերեցի սա Վազգեն Մանուկյանի և Ղարաբաղ կոմիտեի մեկ այլ անդամի ՝ Ալեքսան Հակոբյանի ներկայությամբ։ Վիրավորվեցին, ասացին, որ հիմա էլ են հեղափոխական։

  • Լիզին գործարանի հետ կապված ինչ-որ բան կար՝ Աբովյանում։ Համբարձում Գալստյանը հետո իր հուշերում գրեց, որ ես էլ էի վրոդվված տմարդի Լիզին գործարանի դեմ, թեև մինչև հիմա չգիտեմ, թե դա ինչ է։ Եթե Ղարաբաղ կոմիտեի ապագա անդամը չգիտեր, թե Լիզինը ինչ է, ինչ եք ուզում խեղճ ու կրակ ուսանողներից, որ մի հատ էլ հասկանայինք, թե ինչի էինք էդ Լիզինի դեմ բողոքում։ Երևի մտածում էինք գենոֆոնդի դեմ հերթական սպառնալիքն է։

  • Ուսանողական տարիներին (ինքնահրատ պարբերականներից) գիտեի «Անկախություն»-ը, «Մաշտոց»-ը, որը իմ ընկերներն էին հրատարակում։ Բոլորը կեղծանուններով էին գրում, բայց ես կարդալով գլխի էի ընկնում, թե որ մեկի հեղինակը ով է։ Գիտեի «Դաշինք»-ը, որը իմ կուրսեցի Նաիրի Հունանյանն էր ( Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողության հիմնական կազմակերպիչներից) հրատարակում։ Այն ժամանակ անպայման չէր, որ պարբերական լիներ, կարող էր ինչ-որ տպագրական A3 չափի թղթի վրա նամակներ լինեին, էդպես էր տարածվում։ Հենց «Դաշինք» ինքնահրատի պատճառով նույն Նաիրի Հունանյանին, որը ուսանողական շարժման առաջնորդներից էր, դեկանատ էին կանչում, հետո ձերբակալվեց Բագրատ Եսայանի հետ, մի տղա էլ կար Պոլիտեխնիկից։ Բագրատը հետո շատ երկար ժամանակ ասում էր՝ դասադուլ արեցիք, բողոքում էիք, որ ձերբակալվել ենք, Նաիրիին ազատեցին, դուք դասադուլը դադարեցրիք, ես մնացի նստած։

  • Full recordings
  • 1

    Yerevan, 24.06.2023

    (audio)
    duration: 01:00:10
    media recorded in project Memory of Armenian Nation
Full recordings are available only for logged users.

Ուսանող-հեղափոխականից՝ անկախ Հայաստանի լրագրող

Աննա Իսրայելյանը, 1988
Աննա Իսրայելյանը, 1988
photo: archiv pamětníka

Աննա Իսրայելյանը ծնվել է 1966-ի նոյեմբերի 4-ին Երևանում։ 1984-1989-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Բանասիրության ֆակուլտետից էին 1988-ին մեկնարկած Ղարաբաղյան շարժման ուսանողական առաջնորդները։ Աննան չորրորդ կուրսի ուսանող էր, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, սակայն մինչ այդ ակտիվ մասնակցում էր Պերեստրոյկայի քաղաքականության ֆոնին ընթացող բնապահպանական ցույցերին։ Շարժումից հետո մտերմացավ Ղարաբաղ կոմիտեի (ԼՂԻՄ-ը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ՀԽՍՀ-ին՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը վերամիավորելու պահանջով հանդես եկող կոմիտե, առաջնորդել է 1988-ի շարժումը։ Ղարաբաղ Կոմիտեից էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ ներքին գործերի առաջին նախարար Վանո Սիրադեղյանը և այլք) անդամների հետ, սկսեց թղթակցել նորանկախ Հայաստանի մամուլի առաջին թերթերին։ Թղթակցում էր իշխող կուսակցության պաշտոնաթերթին, ներկա էր լինում կուսակցության նիստերին։ Ներկա է եղել նաև Հայաստանի հետագա զարգացումը կանխորոշող բազմաթիվ քննարկումների՝ ականատես լինելով թեժ քննարկումների ու տարաձայնությունների։ Ավելի ուշ՝ 1993-2018-ին, աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակում։ 1997-2001-ին թղթակցել է «Առավոտ» օրաթերթին, 2011-ից մինչ օրս «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիրն է։ Իր հոդվածներում և հարցազրույցներում շարունակում է խոսել Ղարաբաղյան շարժման՝ ոչ շատ հայտնի դրվագների մասին։