Էս ամբողջ ժամանակահատվածի մեջ ես մարդկային առումով ամենամեծ ձեռքբերումը համարում եմ մեր անկխաությունը և անհատապես իմ ազատությունը։ Ես մեկ-մեկ արթուն նստած կարող է երազ տեսնեմ, պատկերացնեմ՝ այ օրինակ, որ Սովետը չփլվեր, ես ինչ էի լինելու էլի, ինչով էի զբաղվելու․․․ երևի չէի շարունակի զբաղվել լրագրությամբ, որովհետև էդ տարիներին արդեն հասկանում էի, որ կեղծիքը, սուտը շատ է։ Երևի ուրիշ բանով կզբաղվեի։ Իսկ ընդհանրապես երազում եմ պահակ աշխատել։
Ես և քույրս, որ ինձնից ավագ էր հինգ տարով, շատ ոգևորված էինք էս ամենով։ Քույրա մինչև իմ բանակից գալը՝ մինչև «Պերեստրոյկան», ներգրավված էր էկոլոգիական շարժման մեջ։ Եղբայրս ավելի հետաքրքրված էր «Պերեստրոյկա»-ի բիզնեսային մասով։ Մայրս հստակ հայացքներ չուներ, հայրս չէր հավատում այդ ամեն ինչին։ Հիշում եմ՝ փետրվարի 20-ին սկսվեց (հանրահավաքը), 21-ը իմ ծննդյան օրն է, ու մենք հենց հրապարակից մի խմբով եկանք մեր տուն՝ ծնունդ նշելու։ Էդ օրը սպասվում էր Գորբաչովի պատասխանը Մոսկվայից։ «Վրեմյա» հաղորդում կար, ժամը տասին էր սկսվում։ Քանի որ դա պաշտոնական լրատվական ծրագիրն էր, հույս ունեինք, որ դրա մեջ պիտի ասեր մի բան։ Մենք անընդհատ խոսում էինք, որ էսա տեսնենք՝ ինչ պիտի ասի, հայրս շատ հանդարտ ասում էր՝ էս երկիրը լավ չեք ճանաչում, ոչինչ չի լինելու։ Մենք նեղվում էինք՝ ոնց թե չի լինելու, ասում էր՝ կտեսնեք, որ ոչինչ չի լինի։
Էդ ժամանակվա իշխանությունները, իսկապես, խեղճ վիճակում էին, որովհետև իրենց համար էնքան անսովոր էր ինչ-որ քսանքանի տարեկան երեխեքի հետ նստել լեզու թրջել, բայց ստիպված էին, որովհետև իրենց թվում էր, որ վերևից ինչ-որ մի աչք նայում է իրանց, ու իրենք պիտի ենթարկվեն «Գլաստնոստ»-ի կանոններին։ Այո, խեղճ վիճակում էին այդ ժամանակվա իշխանությունները։
Մարտի 26-ին զորքեր մտան Հայաստան։ Ամբողջ երկինքը ուղղաթիռներ էին։ Ժողովուրդը դրանց կատակով ասում էր «պերեստրոյկայի ծիծեռնակներ»։ Պարետային ժամ չեմ հիշում պաշտոնապես հայտարարվեց, թե չէ, բայց ամեն տեղ կանգնած էին։ Ու ժողովուրդը շատ ինքնաբուխ (հիմա դրան Ուկրաինայում ասում են сарафанное радио) սարաֆանային ռադիոյի ձևով իրար փոխանցելով տարածեցին, որ ստեղծում ենք մեռյալ քաղաք։ Չենք դուրս գալիս տնից ուղղակի էդ օրերին։ Ու մարտի 26-27-ից շատ վատ որակի կադրեր եմ տեսել, որ ոչ մի բան չկար փողոցներում։ Կինո Նաիրի, Մոսկովյան, Իսահակյան խաչմերուկն է նկարված, մի տասը րոպե նայում ես, մենակ մի տրամվայ է անցնում, մեջից մարդ էլ չի իջնում։ Այսինքն՝ էդքան կազմակերպված էր էդ ամենը։ Ու մենք սա հաղթանակ էինք համարում։
87-ի ամռանը մենք որոշեցինք ստեղծել ավելի երիտասարդական մի կազմակերպութուն, որը կոչվում էր «Գոյապայքար»։ Հիմնականում ուսանողներից կազմված մի խումբ էր՝ բանասիրական, ֆիզիկայի, աշխարհագրության՝ տարբեր ֆակուլտետներից էին։ Հիմա չեմ էլ հիշում, թե ոնց իրար գտանք։ 1987-ի հոկտեմբերի 18-ին՝ շաբաթ օր էր, հավաքվեցինք համալսարանի մոտ և սկսեցինք քայլել դեպի Օպերայի հրապարակ։ Դրա լուսանկարը կա Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի մոտակայքում արված։ Մեզ միացան նաև ավագ սերնդի մարդիկ, օրինակ՝ դոկտոր Ռաֆայել Ղազարյանը, որ հետագայում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր և ակադեմիկոս։
Պահանջ դրվեց, որ «Նաիրիտի» ի արտադրությունը պետք է դադարեցվի, ատոմակայանի խնդիրն էր դրված և նմանատիպ հարցեր։ Ասեմ հետաքրքիր բանը՝ մեզ ոչ ոք չխոչընդոտեց։ Դա մեզ համար նույնիսկ մի քիչ տխուր էր, որովհետև մենք եռում էինք ու պատրաստ էինք մարտի բռնվել մեր գաղափարների համար։ Ոստիկանությունը՝ շատ քիչ թվով, կողքից ուղեկցում էր, ոչ մի բանով չխանգարեցին, մենք մեր հանրահավաքը արեցինք, գնացինք տուն և սպասում էինք, որ էսա կգա մեր հետևից։ Մեր հետևից չեկան, բնականաբար։ Ես էդ ժամանակ աշխատում էի «Ավանգարդ» թերթում, որը կոմերիտմիության կենտկոմի օրգանն էր։ Ինձ հաջորդ օրը կանչեցին և ասացին․ «Դու այլևս ստեղ չես աշխատի, դու չես հասկացել՝ որտեղ ես աշխատում, գնա կոմերիտմիութան կենտկոմ՝ քեզ հետ պետք է աշխատանք տանեն»։
Երբ «Պերեստրոյկան» եղավ, ինքս էդ ժամանակ բանակում էի ծառայում և Հաաստանում չէի։ Երբ վերադարձա Հայաստան, շատ հետաքրքիր զգացողություն ունեցա․ դա 86-ի ամառն էր արդեն, զգացողութուն ունեցա, որ էն Հայաստանը, որը ես 84-ին թողել-գնացել էի, էդ Հայաստանի օդը փոխվել է, էդ ազատության շունչը կար, որոշակի՝ դեռ շատ չնկատվող, բայց որոշ շարժում կար։
Հայ բանաստեղծ, լրագրող, հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը ծնվել է 1965-ի փետրվարի 21-ին, Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1984-ին զորակոչվել է խորհրդային բանակ։ Այդ տարիներին խորհրդային հանրապետություններում սկսվում է «Պերեստրոյկան»՝ վերակառուցման քաղաքականությունը, որը ենթադրում էր տնտեսական բարեփոխումներ, մարդու իրավունքների վերարժևորում, բացխոսություն, գրաքննության թեթևացում և այլն։
Հայաստանում «Վերակառուցման» արդյունքներից էր 80-ականներին սկիզբ առած բնապահպանական շարժումը, որի ակտիվ մասնակիցներից էր Տիգրան Պասկևիչյանը։ Այս տարիներին համախոհ ընկերների հետ նա հիմնել է «Գոյապայքար» բնապահպան կազմակերպությունը և Մեսրոպ Սահակյան ծածկանունով խմբագրել կազմակերպության «Մաշտոց» ինքնահրատ [самиздат] պարբերականը։ 1988-ի փետրվարին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Խորհրդային Հայաստանին միավորելու պահանջով Երևանի Օպերայի հրապարակում (այդ ժամանակ՝ Թատերական հրապարակ) սկսվեցին առաջին բազմամարդ ցույցերը, որոնք որոշ ժամանակ անց, համակեցին հայ հասարակության ամենալայն շերտերին ու ստացան նաև հակախորհրդային ուղղվածություն ու հայտնի դարձան «Ղարաբաղյան շարժում» (1988-ի փետրվար – 1990-ի օգոստոս) ձևակերպմամբ։
Առաջին օրվանից շարժման ակտիվ մասնակիցներից է դառնում Տիգրան Պասկևիչյանը։ 1990-ի նոյեմբերին նա ընտրվել է իշխող կուսակցության վարչության անդամ։ Մի շարք վավերագրական ֆիլմերի, հոդվածների և բանաստեղծությունների հեղինակ է։