Marine Petrosyan Մարինե Պետրոսյան

* 1960

  • էն շենքը, որտեղ էն ժամանակ մենք ապրում էինք, էն նույն շենքն ա, որտեղ ես հիմա եմ ապրում։ Ծնողներս չկան, բայց ես նույն տեղում եմ ապրում։ Մութ էր արդեն, երեկո էր։ Փետրվարն էր դե 88-ի։ Մամաս ինչ-որ մեկի հետ խոսում էր ու ասեց՝ Մարինե, գիտե՞ս, Արցախի համար․․․ Դե էն ժամանակ Ղարաբաղ էին ճիշտն ասած ասում, Ղարաբաղի համար հանրահավաք ա քաղաքում։ Մենք քաղաք ենք ասում։ Մենք Արաբկիրում ենք ապրում։ Եվ ես, ճիշտն ասած, մինչև էդ մի 2 հանրահավաքի մասին լսել էի, բայց էնպես փոքրիկ հանրահավաքներ էին։ Բայց ասեց՝ մեծ հանրահավաք ա։ Ես հիշում եմ, որ դուրս եկա պատշգամբ։ Մեր պատշգամբը վերևից նայում ա Բաղրամյան։ Ես ուղղակի դուրս եկա, որովհետև, ճիշտն ասած, մտքերի մեջ ընկա․ արդեն մութ էր, էն ժամանակ ամաչկոտ աղջիկ էի [ծիծաղում է], մտածում էի՝ իջնե՞մ քաղաք։ Ճիշտն ասած՝ չիջա այդ օրը։ Բայց հարցն ի՞նչ էր․ ես դուրս եկա պատշգամբ, և հանկարծ ես լսեցի էդ Ղա՛-րա՛-բա՛ղ, մի՛-ա՛-ցո՛ւմ, չգիտեմ՝ կհիշե՞ս էդ։ Ինձ թվաց՝ իմ ականջին ա գալիս։ Ես չէի պատկերացնում, որ մեր վերևից ա նայում, բայց Բաղրամյանից բավական հեռու ա, բարձր ա, Փափազյան փողոցի ներքևի ծայրն ա։ Եվ ես ասեցի՝ էս ի՞նչ ա։ Ու էդ ձայնը ով էն ժամանակ լսել ա, մի քանի տարի էդ ձայնը անընդհատ հնչում էր Երևանում՝ մի՛-ա՛-ցո՛ւմ, Ղա՛-րա՛-բա՛ղ։ Ճիշտն ասած, երբ որ դադարեցին էդ հանրահավաքները, էդ ձայնը էլի իմ ականջի մեջ էր, էլի մարդկանց եմ պատմել, մենակ ես չեմ լսում։ Ով կհիշի սովետական շենքերը, էնտեղ կար ընդհանուր ջեռուցում, ջեռուցման մարտկոցներ, որ ջուրը միացնում էին, ինչ-որ ձայն էր գալիս, երևի իմ ականջին այդ ձայնը՝մի՛-ա՛-ցո՛ւմ․․․ Ճիշտն ասած չկա, ցավում եմ, մարմինս փշաքաղվեց։ Ի՞նչ էր դա՝ էդ ձայնը։ Դա միայն Ղարաբաղը չէր։ Ճիշտն ասած, ես ինքս բանասեր լինելով, շատ հետաքրքրված լինելով մեր ազգային պատմությամբ՝ առանձնապես էդպես Ղարաբաղի խնդրի մասին, չեմ ուզում ստել, առանձնապես բան չգիտեի։ Գիտեի, որ ինչ-որ կա, որ ․․․ նամակագրություն, բայց էդ մեծ խնդիրը, որ հիմա հասկանում եմ՝ ինչ մեծ խնդիր ա իրականում, տեղյակ չէի։ Բայց երբ որ մարդիկ գոռում էին «Ղարաբաղ», իմ կարծիքով չէին պարզապես գոռում «Ղարաբաղ»։ Նկատի ունեմ՝ հետո ինչ եղավ։ Ամբողջ Երևանի կեսը լցվեց փողոցներ։ Ղարաբաղը ինքը խորհրդանշում էր ամբողջ մեր կորցրածը։ Օրինակ, մամայիս համար խորհրդանշում էր իրա Սեբաստիան և իրա Կեսարիան ակնհայտ։ Այսինքն՝ դա պետք չէր ասել, դա հասկանալի էր։ Այլապես հնարավոր չէր, որ էդքան մարդ լցվեր փողոց [ծիծաղում է]։ Ասում եմ՝ մութ էր, չիջա։ Հետո հաջորդ օրը իջա և տուն չգնացի։

  • Ես որ ավարտել էի, սկզբում մի քանի տարի չեմ աշխատել։ Հետո ամեն դեպքում ասեցի աշխատանք բան անեմ։ Մամուլի շենքում էի աշխատում։ «Հայաստանի հանրապետություն» թերթում էի սկզբում։ Սրբագրիչ էի աշխատում։ Ես չէի ուզել ծանոթ բանեցնել։ Ու սրբագրիչը շատ ուշ ա վերջացնում։ Ամենավերջում դե սրբագրիչը պիտի վերջացնի, որ բան անեն։ Ու արդեն ուշ էր լինում, մետրոն էլ մեկ-մեկ փակվում էր։ Ու ես հիշում եմ՝ եթե ես ուզում էի ինքնուրույն գնայի, պիտի սպասեի ավտոբուս, էլի պիտի սպասեի մի քիչ։ Բայց եթե ուզում էի ինքնուրույն․․․ Ես սիրում եմ ինքնուրույն։ Ու տենց լինում էր, որ երբեմն գալիս էի, մետրոն փակ էր լինում, ոտքով Մամուլի շենքից մեր տուն մի 2 ժամվա ճամփա ա [ծիծաղում է], ձմեռով․․․ Ես հիշում եմ էդ տարիները։ Էդ որ ասում են ցուրտ ու մութ, չէ՞, ես ճիշտն ասած իսկապես էդ ցուրտն էլ եմ հիշում, մութն էլ եմ հիշում, որովհետև մեր շենքում էլ էր լույսը․․․ Բայց ես երբեք էդ իմաստը, որ ասում էին ցուրտ ու մութ, որ ես ջղայնանայի, ես երբեք չեմ ջղայնացել ճիշտն ասած։ Ինձ համար դրանք ուրախության տարիներ էին, ես հավատում էի։ Որովհետև էն ժամանակ դեռ խնդիրները էդպես չէին երևում։ Այսինքն՝ խնդիրները ո՞րն ա, էդ դժվարությունները երևում էին, բայց քաղաքական խնդիրները չէին երևում։ Քաղաքական խնդիրները հետո երևացին, երբ որ կյանքը ավելի լավացավ, բայց քաղաքական առումով ավելի երևացին [ծիծաղում է] խնդիրները։ Դրա համար հենց էդ ցուրտ ու մութը ես բան եմ հիշում, էլի, մեր տանը ես չեմ հիշում, որ մեկը բողոքեր էդ ցրտից, մթից, ճիշտն ասած։ Դրանք ինձ համար լավ տարիներ էին։ Ես դրանց մասին գրել էլ եմ։ Դրանք ինձ համար հաղթանակի տարիներ էին։

  • Ես որ ավարտեցի դպրոցը, էնտեղ Սովետական Միությունում մի հատ օրենք կար, որ եթե դու ավարտում ես դպրոցը, առաջին տարին չես ընդունվում կամ չես դիմում․․․ ես չէի դիմել, ես որոշել էի, որ առաջին տարին հանգիստ ինձ համար․․․ դե ի՞նչ շտապելու բան կա [ծիծաղում է]․․․ դու պիտի հաջորդ տարի դիմելու համար ստաժ ունենաս, այսինքն՝ պիտի աշխատես էդ տարում, տենց օրենք էր, նոր էին կարծեմ հանել։ Դե Սովետական Միությունում ընդունված էր՝ համարյա բոլորը ֆորմալ տեղեկանք էին տանում յանի աշխատում էին, իսկ իրականում չէին աշխատում։ Չգիտեմ, էդպես ընդունված էր, որովհետև պապաս շատ զարմացավ։ Այսինքն՝ պապաս շատ հանգիստ կարող էր ինձ տեղեկանք տալ, որ ես էնտեղ ինչ-որ բան եմ աշխատել․ բոլորը տենց էին անում, ինձ տենց էին ասել։ Չէ՛, ասի, պա՛պ, ես գնալու եմ աշխատեմ։ Ասեց՝ ո՞ւր ես գնալու աշխատես։ Մեր տան մոտ 2 գործարան կա․ կահույքի ֆաբրիկան կա, ժամացույցի գործարանը։ Ասեցի՝ երևի ժամացույցի գործարանը։ Սաղ զարմացել էին։ Դրա համար եմ ասում՝ ենթադրում եմ, որ բոլորը բան էին անում։ Ասեց՝ լա՛վ, գնա՛։ Հա՛, ինչո՞ւ էի որոշել, որ գնամ աշխատելու։ Ես գիտեի, որ ես գրող եմ դառնալու, ուզում էի ուսումնասիրեի բանվորների կյանքը․ դե էլ ի՞նչ առիթ կլիներ [ծիծաղում է]։ Ու, ճիշտն ասած, վերջում հոգնել էի, ասում էի՝ ինձ հանեք ստեղից, բայց իսկապես շատ հետաքրքիր փորձ էր: Ես տեսել եմ, թե Սովետական միության տնտեսությունը ոնց էր․․․ ոնց էին․․․ Ես կարծում եմ՝ Սովետական միության քանդման գլխավոր պատճառը հենց տնտեսությունն ա եղել։ Ես ОТК-ի վրա էի աշխատում․ ОТК-ն էն վերջին մասն ա։ Ամեն մեկը իրա բաժինը աշխատում ա, մեկը էս մասն ա դնում, էս մասն ա դնում, սենց գալիս ա։ OTK-ն էն մասն ա, որը ստուգում ա, նայում ա, եթե ամեն ինչ լավ ա, ուղարկում ա էս կողմ, եթե խնդիր կա, հետ ա ուղարկում, որ սարքեն։ Ու ես հիշում եմ, որ էդ ժամացույցների 90 տոկոսը խնդիր ուներ։ Ժամացույց չկար, մեծ մասը իսկապես նորմալ․․․ Զարթուցիչ, ժամացույցներ, որ ճշգրիտ աշխատեն։ Բայց ես հասկանում եմ՝ ինչու, որովհետև դե հիմա մարդիկ աշխատում էին, աշխատավարձ էին ստանում նորմալ։ Իրանց աշխատանքը և իրանց գործը կապված չէր․ դե աշխատում էին, իրանց գումարը ստանում էին, զարթուցիչի հետ ինչ կլիներ, իրանց չէր հետաքրքրում [ծիծաղում է]։

  • Հա՛։ Մի կարևոր բան ասեմ։ Կարևոր, հա՛, շատ կարևոր բան ասեմ։ Ակնհայտ բան ա, բայց կարող ա շատերը չհիշեն։ Ո՞նց էղավ, որ էդքան մարդիկ՝ Արցա՛խ, Արցա՛խ, Արցա՛խ։ Շատերը Արցախի տեղն էլ չգիտեին։ Իմ ժամանակ, ես հիշում եմ, նայի՛, պաշտոնական գաղափարախոսությունը գրքերում էր, ասեցի արդեն, որին որ ոչ ոք չէր հավատում, հայ ժողովրդի պատմությունն էլ էսքան բարակիկ գրքույկ էր։ Այսինքն՝ իրանք դպրոցում չէին պատմություն սովորում [ծիծաղում է]։ Բայց բոլոր տներում կային գրապահարաններ, և էնտեղ կային գրքեր, և էդ գրքերը կարդացվում էին։ Հայ ժողովուրդը, գոնե էն, ինչ ես հիշում եմ վերջում, բոլորը պատմավեպեր էին կարդում։ Ընդ որում՝ դրանք և՛ հին պատմավեպեր էին՝ դասական, և՛ ժամանակակից․ օրինակ՝ Պերճ Զեյթունցյանի պատմավեպը, որը շուխուր հանեց [ծիծաղում է]։ Կար պաշտոնական գաղափարախոսություն, որ ասում էր՝ մենք կոմունիզմ ենք կառուցում և այլն, դա գրականությամբ էր մարդկանց փոխանցվում, բոլորը գիտեին, որ հայ ժողովրդի պատմությունը․․․ Մեր պատմավեպերը ընդհանրապես ինչի՞ մասին են: Բոլոր պատմավեպերը՝ թույլ, ուժեղ, լավ գրած, վատ գրած, բայց առանցքը, կարող ես կարդալ-ստուգել, բոլորը պետականության մասին են՝ պետականության կորստի ու վերականգնումի։ Դա առանցքն ա մեր պատմավեպերի [ծիծաղում է]։ Դու ունենում ես, հետո կորցնում ես, հետո ունենում ես, կորցնում ես։ Եվ 88 թվին, չնայած ասում եմ, ես չէի ակնկալում, էլի, որ Սովետական միությունը փուլ կգա, բայց մեկ ա, դա փոխանցված էր։ Եվ դա շատ արագ աշխատեց։

  • Նայի, որ ասում եմ Սովետական միությունը, չէ՞․․․ Հետաքրքիր բան ա․ աշխարհում շատ բաներ պատահականությամբ ա որոշվում։ Ո՞նց եղավ, որ Սովետական Միությունը փուլ եկավ, հա՞, հիշո՞ւմ ես՝ ոնց եղավ [ծիծաղում է]։ Էդ Բրեժնևը ․․․ դե ես Բրեժնևի ժամանակում եմ ապրել համալսարանը և այլն։ Բրեժնևն էր։ Արդեն ծերուկ էր, որ մի քիչ ցնդած, հիվանդ։ Բոլորը գիտեին։ Բայց էդ մարդը շարունակվում էր։ Ու սենց մի հատ բան վիճակ էր։ Մեկ էլ Բրեժնևը մեռավ․ ես ուզում եմ հիշեմ, թե ոնց եղավ։ Ես դեռ համալսարանում էի սովորում, բայց էդ պահին, երբ որ լուրը եկավ․․․ ես էսօրվա պես հիշում եմ, որովհետև դա դարակազմիկ բան ա։ Ես գնացել էի ատամներս էի սարքում, նստած էի էդ աթոռին ստոմատոլոգի, և էդ գործիքներն էլ բերանիս մեջ էին։ Դուռը բացվեց, կարծեմ սանիտարկան էր թե քույրը, եկավ ասեց՝ Բրեժնևը մեռել ա [ծիծաղում է]։ Ես հիշում եմ՝ էդ գործիքները ատամիս մեջ, մեկ էլ ես սկսեցի ծիծաղել սենց բարձր։ Էս բժշկուհիս սենց դեմքը բան ա արել ու ինձ ասում ա՝ Մարինե՛, մի՛ ծիծաղի, կուլ կտաս, բայց ես զգում էի, որ ինքը ոչ թե վախեցել ա, որ ես կուլ կտամ, այլ որ Բրեժնևը մահացել ա, ամեն դեպքում ինչի՞ ես ծիծաղում, էլի։ Բայց ես հիշում եմ, որ ես ծիծաղում էի, չկարողացա, դուրս եկա։ Հիշում եմ։ Արդեն դասերը պրծել էին։ […] Ես չգիտեմ ինչի զգացի, որ մի բան ա լինելու։ Ու ես գնացի համալսարան, նայում էի շուրջս, ու ինձ թվում էր՝ էսա մարդիկ․․․ Բրեժնևը մեռել ա։ Ինձ թվում էր՝ ինչ-որ բան ա լինելու։ Տեսա, որ ոչ մեկը չկա, գնացի տուն։ Բայց ես հիշում եմ։ Որովհետև ամեն ինչ դրանից սկսվեց։ Հիշու՞մ ես, Բրեժնևից հետո արագ եկավ Անդրոպովը, շուտ մահացավ, հետո եկավ Չերնենկոն, մահացավ, հետո եկավ․․․ էն ո՞վ էր, որ քանդեց․․․ Գորբաչովը։ Եվ շշմելու բան էր։ Դե Բրեժնևն էր, էլի, մի քիչ աներ, մի 10 տարի հետո մեռներ։ Ամեն ինչ լրիվ ուրիշ ձևի կլներ։ Հետաքրքիր ձևով ա աշխարհը կառուցված։ Բայց ես ասում եմ՝ խոշոր հաշվով էդպես էլ պիտի լիներ, չգիտեմ։

  • Նայի, ես, ասում եմ, գնացել եմ անգլիական թեքումով դպրոց, ես․․․ դե ռուսերեն բոլորը գիտեին, անգլերենն էր շատ բան։ Ես կարդում էի ամբողջ համաշխարհային գրականությունը․ արդեն որոշել էի, որ ես բանաստեղծ եմ։ Կարդում էի, գիտեի, ծանոթ էի։ Բայց իմ մեջ էն զգացողությունը կար, որ աշխարհը մի տեղ ա, որ ես․․․ էն ժամանակ մտածում էի, որ ինչքան էլ լավ բանաստեղծություն գրեմ, աշխարհի հետ կապ չկա։ Որովհետև Սովետական Միությունում կար էդ զգացողությունը․ Սովետ Միությունը մի տեղ էր, աշխարհը մի տեղ էր։ Մի տեսակ խզում կար։ Եվ ես մտածում էի, որ ․․․ Աշխարհում անընդհատ ինչ-որ բաներ էին կատարվում՝ կռիվներ և այլն, և այլն։ Իսկ Սովետ Միությունում ոչ մի բան չէր կատարվում․ գոնե մեր ժամանակ կանգնած էր ժամանակը։ Դա ինձ տանջում էր, դա ինձ համար խնդիր էր։ Իսկ 88-ի շարժումը մի տեսակ ոնց որ էդ ժամանակի գետը հեռվից մեկ էլ թափվեր քո վրա, ոնց որ ամբողջ աշխարհը թափվեց քո վրա։ Հակառակը, էդ ժամանակ հասկացա, որ դրսում ինչ-որ բան չի կատարվում, մեր մոտ ա կատարվում ։ Այսինքն՝ կյանքը մի տեսակ արթնացավ։

  • Ես հիշում եմ՝ մեր համալսարանում մի անգամ, ո՞նց եղավ, ի՞նչ էի կարդում, ես կարդացի, որ կոմունիզմի ժամանակ պիտի ազգեր չլինեն։ Ու ինձ համար դա շոկ էր [ծիծաղում է]։ Ես ջղայնացա ահավոր։ Ու ես գնացի՝ մեր կուրսի էրեխեքին ասում եմ՝ գիտե՞ք, կոմունիզմի ժամանակ․․․ մենք շատ հետաքրքիր կոմունիզմի դասախոս ունեինք, ի՞նչ էր կոչվում, կոմունիզմի ․․․ գիտական կոմունիզմ, հա՛։ Շատ հետաքրքիր դասախոս էր։ Դե ընդհանրապես իմ ժամանակ շատ քիչ մարդ կար, որ․․․ կոմունիզմը արդեն․․․ պիտի գրես, բայց ոչ մեկը դրան չէր հավատում։ Բայց էդ մարդը հավատում էր, շատ հետաքրքիր էր [ծիծաղում է]։ Միակ մարդը նա էր, որ դեռ կոմունիզմին հավատում էր: Ու ես էրեխեքին ասում եմ՝ ժողովուրդ, գիտե՞ք, որ կոմունիզմի ժամանակ պիտի ազգեր չլինեն, ասում են՝ ի՞նչ ես խոսում։ Ես գնացի, մեր գրադարանից գողացա էդ գիրքը, որտեղ գրած էր էտի, որ տանեմ էրեխեքին ցույց տամ [ծիծաղում է]։ Ու կարծեմ մինչև հիմա իմ գրադարանում ա էդ գիրքը։

  • Բայց էդ երկրաշարժը մի հատ սարսափելի բան էր իսկապես, որովհետև ինձ համար էդ ամբողջ շարժումը ուրախության մի տեսակ բան էր։ Ես հիշում եմ, որ ես իջնում էի առավոտյան, ու ես հիշում եմ, որ ես ամբողջ օրը բան էլ չէի ուտում [ծիծաղում է], որովհետև մութն ընկնում էր, ես տուն էի գնում։ Ու ինձ համար մի տեսակ անհավատալի տոն էր, հա՞, ուրախության մի բան էր։ Եվ հանկարծ եկավ երկրաշարժը։ Ես չեմ հավատում էն խոսակցություններին՝ սարքված և այլն, բայց մի տեսակ իսկապես չարագուշակ բան կար էդ երկրաշարժի մեջ։ Դե հետո ձերբակալեցին և այլն, և այլն։ Մի պահ իսկապես մտածում էի՝ արդյո՞ք կարող ա իսկապես ամեն ինչ վերջանա։ Բայց ես էսօրվա պես հիշում եմ, երբ որ հետ եկավ «Ղարաբաղ» կոմիտեն։ Այ հիմա չեմ հիշում՝ քանի ամիս, բայց էդ հիշում եմ։ Հրապարակում չէր, որտե՞ղ էին հավաքվել։ […] Բայց ինչո՞ւ էին ուրիշ տեղ հավաքվել, չեմ կարողանում հիշել։ Բայց Ազատության հրապարակը չէր կարծես, մեկ ուրիշ տեղ էր։ Ու ես հիշում եմ, որ ես հասկացա, որ չէ՛, չընդհատվեց փաստորեն, ընդմիջում էր ընդամենը։ Ու դրանից հետո հակառակը հասկացվեց, որ եթե բանտ չէ, բանտից դուրս եկան, ուրեմն հաղթել ենք, ուրեմն ինչ-որ բան իսկապես փոխվել ա։ Եվ դրանից հետո շարժումը շատ ավելի հաղթական․․․ որովհետև հասկցավում էր․․․ չնայած էն ժամանակ ոչ մեկը չէր մտածում, որ Սովետական Միությունը փուլ կգա, այսինքն՝ լրիվ փուլ կգա որպես պետություն։ Բայց «Ղարաբաղ» կոմիտեի վերադարձը ցույց տվեց, որ կոմիտեն հաղթել ա։ Այսինքն՝ կոմիտեն չէ, հետո որ սկսեցին շարժումներ կային Մերձբալթիկայում և այլն, արդեն հասկացվեց, որ չէ՛, անդառնալի փոխվել ա, այսինքն՝ վերադարձ հնին այլևս չկա։

  • Օպերայում եղավ Գերագույն խորհրդի մեկ ուրիշ նիստ, որով․․․ այ անկախացումը էդտեղ էր։ Ես հիմա կարող ա հստակ չձևակերպեմ, բայց ձևակերպումը սա էր, որ Հայաստանը, եթե Մոսկվան ընդունում ա որոշումներ… Չէ՛, ի վերջո, փաստացի Սովետական միությունում Երևանը մինչև էդ ինչ որոշում Մոսկվան ընդունում էր, դա ավտոմատ Երևանը ընդունում էր։ Գերագույն խորհուրդը ընդունեց նիստը։ Ընդ որում, նիստը ո՞նց էր․ պատգամավորների մի մասին բերել էին համոզելով, մի մասին՝ մի քիչ զոռով [ծիծաղում է]՝ ասելով, որ անպայման պիտի գաք։ Եվ ընդունեց որոշում, որ եթե Մոսկվան ընդունում ա ինչ-որ կարևոր որոշում, Երևանը պարտավոր չի դա հաստատել։ Երևանը իրագործելու ա, եթե միայն տեղական Գերագույն խորհուրդը գուցե, չգիտեմ՝ ինչ մարմին էր, կհաստատի։ Այսինքն՝ դա անկախացումի սկիզբ ա, դա նշանակում ա, որ դու․․․ անկախացումը կարծեմ դա էր։ Բայց դրանից հետո հայտնի ա՝ ինչ եղավ։ Մոսկվան երևի դրանով զգաց վտանգը։ Եվ հենց դրանից հետո մտցվեց պարետային ժամ և Երևանը մի ժամանակ քարացավ, հա՞ [ծիծաղում է]։

  • Նայեք, մայիսի 1-ը տրադիցիոն ձևով ամբիոնն էր, Դեմիրճյանն էր, չէ՞դեռ, հա՛, Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը, մի խոսքով, կանգնած էին։ Եվ անցնելով՝ իրանց էին, չէ՞, ծափ տալիս։ Բայց ես ինչքան հիշում եմ, էդ որ ասում եմ անցումը կատարվեց, կարծես հենց էդ․․․ ո՞նց եղավ․․․ Էդ մանրամասները պիտի նորից նայեմ, հիշեմ։ Չեմ հիշում՝ ինչ եղավ, բայց մարդիկ սկսեցին ոչ թե իրենց ծափ տալ, այլ Լևոն Տեր-Պետրոսյանին, «Ղարաբաղ» կոմիտեին։ Լավ չեմ հիշում։ Թե՞ ելույթ ունեցավ ինչ-որ մեկը։ Բայց հիշում եմ, որ ամբիոնը փոխանցվեց։ էդ էնքան պարզ երևում էր, որովհետև մի պահ ընդհատվեց էդ հանրահավաքը, դե տրադիցիոն մայիսի 1-ն էր, ընդհատվեց, կարծեմ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ․․․ ինչ-որ մեկը ելույթ ունեցավ Արցախի հետ կապված, կարճ, երկար չէր։ Բայց ես հիշում եմ, որ հանրահավաքը մայիսի 1-ից փոխվեց, էությունը փոխվեց, հասկացա, որ իշխանությունը արդեն փոխվում-անցնում ա, հա՞։ Կարծում եմ, որ կենտկոմը զգաց, որ իշխանությունը իրա ձեռքից․․․

  • Քանի՞ տարի ա անցել արդեն 88-ից, ես ըտենց մանրամասները ․․․ բայց ես հիշում եմ, որ շուտով բանը հասավ նրան, որ «Պրավդա»-ի․․․ Հա՛, մեկը «Վրեմյա»-ն էր, մեկը «Պրավդա»-ն էր տենց բաներ գրում։ Դե էն ժամանակ բոլորը կարդում էին էդ թերթը։ Եվ, ի դեպ, ցավոք սրտի հայկական մամուլն էր։ Դե հայկական մամուլ չկար իրականում, կար սովետական մամուլ։ Եվ հայկական մամուլն էր, երբ որ Մոսկվայից էդ նշանը եկավ՝ արձագանքը, հայկական մամուլն էլ սկսեց շատ բացասական։ Եվ ես հիշում եմ, ես մի տեղ պահել եմ։ ժամանակ գտնեմ, էդ կասետը հանեմ։ Հեռուստատեսությամբ սկսեցին ինչ-որ մի հատ հատուկ հաղորդում էդպես դատափետումի։ Եվ էնտեղ ինչ-որ ուսուցիչներ, չգիտեմ, կարող ա գրողներ էլ [ծիծաղում է], բարեբախտաբար չեմ հիշում գրողի։ Բայց էդպես էր միշտ․ մի բան, որ մի կոլտնտեսուհի, մի մտավորական, էդպես խոսում էին։ Եվ բոլորը դատապարտում էին։ Չեմ հիշում՝ ինչ էին ասում, բայց շատ․․․ ինչ-որ ասում էին, որ շատ սխալ բան եք անում։ Հետաքրքիր ա իսկապես, էդ կասետը գտնեմ, տեսնեմ ինչն ա էլի սխալ, ինչու՞մ էին մեղադրում։ Բայց ես դա հիշում եմ՝ էդ անցումը երբ կատարվեց։ Իհարկե թիվը չեմ հիշում, բայց շատ ուշ կատարվեց։ Մի քանի թերթ կար էն ժամանակ․ «Սովետական Հայաստան»-ն էր, «Ավանգարդ»-ն էր, մի հատ էլ թերթ կար․․․ «Գրական թերթ»-ը չեմ հիշում՝ ինչ դիրքորոշում էր որդեգրել, բայց երկար ժամանակ միայն դատափետում էր։ Հետո հանկարծ փոխվեց։ Այ, չեմ հիշում՝ երբ փոփոխությունը կատարվեց, և կամաց-կամաց արդեն դրական անցումը կատարվեց։

  • Full recordings
  • 1

    Yerevan, 17.08.2024

    (audio)
    duration: 01:25:22
Full recordings are available only for logged users.

Բանաստեղծ, էսսեիստ

Marine Petrossian in Freedom Square, then called Theatre Square. Some 20 years before 1988.
Marine Petrossian in Freedom Square, then called Theatre Square. Some 20 years before 1988.
photo: witness archive

Մարինե Պետրոսյանը հայ բանաստեղծ և սունյակագիր է։ Հեղինակել է մի քանի բանաստեղծական ժողովածուներ և մեկ էսսեների ժողովածու։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել և հրատարակվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն: Ծնվել է 1960 թ․, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը։ Մարինեի պոեզիան առաջին անգամ լույս է տեսել 1987 թ․, «Գարուն» ամսագրում՝ համընկնելով ԽՍՀՄ փլուզման մեկնարկի հետ։ Նրա առաջին գիրքը հրատարակվել է արդեն Հայաստանի անկախացումից հետո՝ 1993 թվականին։ 2007-2009 թթ․ Պետրոսյանը շաբաթական հրապարակումներ է ունեցել ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթում։ Մարինեի սյունյակներն ու կարծիքները նրան հրապարակայնություն բերեցին 2008 թ․ նախագահական ընտրությունների ժամանակ և հատկապես դրանց հետևող շրջանում, մասնավորապես՝ մարտի 1-ին հաջորդող իրադարձությունների ժամանակ։