Ashot Sargsyan Աշոտ Սարգսյան

* 1951

  • Հա ես էդ մասին գրել եմ, իմ հատորի առաջաբանում գրել եմ, որ դա խնդիր է։ Դա խնդիր է, և բացատրել եմ, թե ինձ համար ինչու դա խնդիր չէր։ Ոչ թե նրա համար, որ ի տարբերություն ուրիշների ես շատ ազնիվ եմ և այլն, և այլն, այլ որովհետև էն պատմությունը, որը ես գրել եմ՝ վերջին շրջանի մեր պատմությունը, և որը դեռ պիտի շարունակեմ գրել, եթե էն եղած փաստերն ու իրողությունները շարադրում ես այնպես, ինչպես դրանք եղել են, օբյեկտիվ, լրիվ օբյեկտիվ, առանց որևէ կողմնակալության, դա արդեն իսկ էդ շրջանը դարձնում է հայոց պատմության մեջ հաջողությունների, լավագույն որակների ամենացցուն բարձրակետը՝ առանց չափազանցնելու։ Էդ տասնամյակը կարող էր լինել մեր պատմության լավագույն տասնամյակը գոնե վերջին հազար տարվա համար հաստատ։ Հիմա, եթե էդտեղ որևէ բան կեղծում ես, որևէ բան փորձում ես ավելացնել, որևէ բան գրել ավելին, քան իրականում եղել է, դա բնականաբար պիտի նկատվի։ Սա միջնադար չէ, որ մի երկու-երեք պատմիչ մի բանի մասին բան են գրել, ուրիշ ոչ մի փաստաթուղթ չունես, և ստիպված ես բավարարվել էդ հիմքով։ Հիմա փաստաթղթերի ծով է։ Եվ ցանկացած մեկը կարող է գտնել, ասել՝ սա էսպես է, դու էսպես ես գրել, ուրեմն դու կեղծել ես։ Եվ եթե էդ մի բանը կեղծել ես, ապա մնացած բաներին չարժե վստահել ու հավատալ։ Ինքս ինձ, էդ քաղաքական ուժին և էդ շրջանի մեր իշխանությանը ամենամեծ վնասը տված կլինեի, եթե որևէ բան դիտմամբ չափազանցնեի կամ կեղծեի հօգուտ մեզ։ Դա ամենամեծ վնասը կլիներ։

  • Իննսունականներին չեն եղել այնպիսի դեպքեր, որոնք տեղի ունեցան 2003-ի ապրիլին [Նախագահական ընտրություններ, որոնք տեղի ունեցան երկու փուլով և որոնցում հաղթեց Ռոբերտ Քոչարյանը], երբ ուղղակի ջարդեցին, հարյուրավոր մարդկանց ձերբակալեցին, ծեծեցին, բանտարկեցին և այլն, և այլն։ Նման բաներ չեն եղել։ Դա ընդամենը խաղաղ ցույց էր, ես էդ ցույցին մասնակցել եմ և գիտեմ, և էդ մասին գրվեց։ Երբևէ չի եղել, մոտ անգամ չի եղել դրան այն, ինչ որ տեղի ունեցավ 2008-ի մարտի մեկին [Նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց Սերժ Սարգսյանը, ընդդիմությունը պնդում էր, որ արդյունքները կեղծված են։ Խաղաղ ցույցերից մեկի ժամանակ ցուցարարների վրա կրակեցին, սպանվեց ութ ցուցարար և երկու ոստիկան]։ Իննսունականներին ամենադատապարտվող բաները դրանից հարյուրավոր կիլոմետրերով հեռու էին։ 2008-ին ինչ տեղի ունեցավ, նման բան աներևակայելի էր ուղղակի։ Էդ նույն 1996-ին, որ հարձակվեց Վազգեն Մանուկյանի գլխավորած ցույցը, գրավեց ԱԺ շենքը, ծեծեց, ջարդեց ԱԺ նախագահին և տեղակալին, առևանգեց, էդ կասեցնելուց հետո, երբ հնարավոր եղավ դա կասեցնել և նրանց դուրս հանել էդտեղից, էդ եղավ զորք մտցնելով, բայց որևէ մեկը հրազենային վնասվածք չստացավ, որևէ մեկը։

  • Քաղաքացիական հասարակությունը, հա, արժեզրկվել է։ Արժեզրկվել է, որովհետև հասարակական ապատիան գնալով խորանում է, ցավոք։ Էն հետաքրքրությունը սեփական երկրի, սեփական երկրի ճակատագրի նկատմամբ, որի հետ կապվում է յուրաքանչյուր մարդու ճակատագիրն այսօր, վաղը, մյուս օրը, էդ ապատիան անընդհատ խորանում է՝ ես էդ թիվն եմ վերցնում որպես ելակետ, 1998-ից այս կողմ։ Դա անընդհատ խորանում է։ Ինչքան որ չի ստացվում եղած իրական հասարակական կարծիքին համապատասխան ընտրությունների արդյունքներ ստանալ, ինչը մի քանի անգամ տեղի ունեցավ, էդ ապատիան բնականաբար պիտի խորանար։ Հասարակական կազմակերպությունների մի մասը,- դրանք քաղաքացիական հասարակության հիմքն են, քաղաքական կուսակցությունների մի մասը, հիմա էսպես որ ասեմ, կասեք փաստեր, բայց ես դա գիտեմ, բայց փաստերը չունեմ,- սկսեց աշխատել տարբեր կասկածելի հիմնադրամների, տարբեր գրանտների, տարբեր օգնությունների հաշվին և կատարել էդ օգնություն տվողի պատվերը։ Սովորական մարդը, որ կարող էր նրանց վստահել, նրանց նկատմամբ էդ վստահությունը չունի, և նրանց ասածներն էլ կշիռ չունեն։ Դրանք երևույթներ էին, որոնք խորացան և էսօր շարունակում են խորանալ էս 20-25 տարիների ընթացքում։

  • Անկախ Հայաստանի՝ մարդու իրավունքների տեսանկյունից լավագույն տարիները ես կհամարեմ իննսունականները։ Պատերազմի ժամանակ ընդհանրապես ցանկացած երկիր ընդունում է պատերազմական օրենքներ, սահմանափակվում են ժողովրդավարական շատ իրավունքներ և ազատություններ։ Դա նորմալ է։ Նույնիսկ սահմանադրությունների մեջ են դա գրում։ Մենք պատերազմի մեջ էինք, բայց մեր պատերազմը հայտարարված պատերազմ չէր, և նման սահմանափակումներ ստիպված էինք չանել։ Ու դրանից օգտվում էր ընդդիմությունը։ Պատերազմի տարիներին ամեն ուրբաթ օր, 1993-ն էր կամ 1994-ն էր, ամեն ուրբաթ օր նշանակված էր հանրահավաք, որն անպայման Ազատության հրապարակից գնում էր երթով մինչև Նախագահական և էնտեղ պահանջում նախագահի հրաժարականը։ Պատերազմող երկրում նման բան չի կարելի անել պարզապես։ Ընդհանրապես, պատերազմող երկրում արգելվում է, բայց որովհետև մենք հայտարարված պատերազմի մեջ չէինք, փաստական պատերազմի մեջ էինք, որևէ բան չսահմանափակվեց որևէ օրենքով կամ հրամանագրով։

  • Հասարակության պատկերացումների վրա շատ մեծ ազդեցություն էր գործել նախորդ տարիների Ղարաբաղյան շարժումը՝ 1988-ի փետրվարից։ Շատ մեծ ազդեցություն էր թողել։ Եթե դա չլիներ, և Խորհրդային Միությունը փլուզվեր, ոնց փլուզվեց, և մենք հայտնվեինք անկախ վիճակում, բոլորովին այլ կլինեին մեր հասարակության պատկերացումներն ու մտածելակերպը։ Շարժման երկու-երկուսուկես տարին՝ 1988-90 թվականները, մի շատ ինտենսիվ, շատ արդյունավետ քաղաքական դպրոց եղան, եթե ասեմ ամբողջ բնակչության համար, գուցե չափազանցրած չեմ լինի, համենայն դեպս մի քանի հարյուր հազար մարդու համար, որոնք էդ հասարակության ավելի շատ մտածող մասն են, ամբողջ հասարակությանը կողմնորոշող։ Հանրահավաքները յուրահատուկ էին։ Բացի այն, որ կային օրվա խնդիրներ, ինչ-որ հոդված էր լույս տեսնում, ինչ-որ մեկը ինչ-որ բան էր ասում, դրա քննարկումն էր լինում, ինչ-որ բան էինք նախաձեռնում, անում, գործողություն, ակցիա և այլն, լինում էին նաև բառի բուն իմաստով քաղաքական դասախոսություններ տարբեր թեմաներով՝ բայց ինչ-որ կերպ առնչվելով այդ խնդիրներին։ Եվ այդտեղ ձևավորվեց հասարակության քաղաքական միտք, որը հայ հասարակությունը երբեք չի ունեցել։ Եվ ձևավորվեց, սաղմնավորվեց ազգային արժանապատվության մի նոր հիմք, մեր կարող լինելու, ինչ-որ բան հաղթելու, հաղթահարելու, ինչ-որ բանի հասնելու համոզմունքը ձևավորվեց, որը մինչև էդ մենք չունեինք, և տառապում էինք մեր Ցեղասպանության, միշտ խեղճուկրակ ապրած լինելու բարդույթով։ Էդ բարդույթը հենց էդ տարիներին ահագին փշրվեց՝ դեռ մինչև Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը։ Էդտեղ արդեն էդ հիմքերը կային։ Էդ հիմքերի շնորհիվ էր նաև, որ մենք կարողացանք հաղթանակների հասնել։ Ինչքան որ դժվար էր ռազմաճակատում, նույնքան դժվար էին 1991-1994 թվականները։ Շատ դժվար էր թիկունքում, նրանց համար, ովքեր ուղղակի սովորական իրենց կենցաղով ապրում էին։ Ամեն ինչի պակասությունը, որովհետև Խորհրդային Միությունից հետո, երբ եկանք իշխանության, շատ քիչ բան կար։ Ես հիշում եմ խանութներ, տնտեսական խանութներ, որոնց մեծ ցուցափեղկերում ես տեսել եմ ընդամենը երեք հատ մեծ մուրճ, ուրիշ ոչինչ։ Էլ չեմ խոսում մթերային խանութների մասին։ Խորհրդային Միության վերջին տարիներին շատ բան՝ կարծեմ առաջին ահնրաժեշտության վեց-յոթ ապրանք տալոններով էին վաճառում, և միշտ չէ, որ լինում էր։ Եվ էդ վիճակում, երկրի էդ վիճակում մենք մխրճվեցինք պատերազմի մեջ։ Մեզ պարտադրվեց էդ պատերազմը։ Եթե ինչ-որ բան հնարավոր էր ձեռք բերել կամ ունենալ սոցիալական կարիքներ բավարարելու համար, դրա 90 տոկոսը վերածվում էր ռազմաճակատի համար միջոցների։ Այսինքն՝ սոցիալապես շատ ծանր վիճակ էր, բայց բարոյական իմաստով, մարդկանց ոգևորության իմաստով, ամբողջ հասարակության մեջ, ես հստակ հիշում եմ, որ բարձր մակարդակ կար։ Երբ հոսանքը տրվում էր ժամով, երկու-երեք տարի հովհարային անջատումներ էին մինչև 1995-ը, օրական երկու-երեք ժամ էր լույս տրվում։ Դժվար էր, շատ դժվար էր, բայց ես հիշում եմ՝ էդ դժվարությունն էր երևի մարդկանց ստիպում, մեկ էլ մեկը դուրս էր գալիս պատշգամբ, սկսում էր ակորդեոն նվագել, սկսում էին երգել, ինչ-որ բանով զբաղվել։ Էդ ոչ թե շատ ուրախ էին, այլ ուղղակի չգիտեմ։ Համենայն դեպս, էդ որ ասում են ցուրտ ու մութ տարիներ, էդ ձևակերպումը առաջին անգամ հնչել է պատերազմից շատ հետո՝ 1997, 1998, 1999 թվականներին։ Էն ժամանակ տենց բան չկար:

  • Full recordings
  • 1

    Yerevan, 24.11.2023

    (audio)
    duration: 01:02:46
    media recorded in project Memory of Armenian Nation
Full recordings are available only for logged users.

90-ականները Հայաստանի պատմության լավագույն շրջանն էին վերջին հազար տարվա ընթացքում

Աշոտ Սարգսյան, 2023
Աշոտ Սարգսյան, 2023
photo: Natáčení

Աշոտ Սարգսյանը ծնվել է 1951-ի հունվարի 16-ին Խորհրդային Հայաստանի Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում։ Հայրը ուսուցիչ էր, մայրը՝ հաշվապահ։ Ավարտել է գյուղի դպրոցը, 1968-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժին։ Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Եղեգնաձոր և տեղի դպրոցում ուսուցիչ աշխատել։ Պատմական գիտությունների թեկնածու է և Մատենադարանի (Երևանի՝ հին ձեռագրերի ուսումնասիրության գիտահետազոտական ինստիտուտ) ավագ գիտաշխատող։ 1984-ին պաշտպանել է «Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը» և Մովսես Խորենացին» վերնագրով թեկնածուական թեզը։ 1988-ի փետրվարի 20-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը։ Լինելով շարժման ակտիվ մասնակից՝ 1990-1995-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1995-1999-ին՝ Ազգային ժողովի պատգամավոր։ Այն ժամանակվա Հայոց համազգային շարժման (2013-ից՝ Հայ ազգային կոնգրես) կուսակցության հիմնադիր անդամ է, իսկ 1995-ից նույն կուսակցության վարչության անդամ։ Աշխատել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ աշխատել է նախագահական աշխատակազմի արխիվում, Հայաստանի կառավարման ակադեմիայում դասավանդել է «Հայ քաղաքական մտքի պատմություն» առարկան։ Հեղինակել է բազմաթիվ գրքեր, այդ թվում՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքը։ Հիմա աշխատում է Մատենադարանում։