Vahe Varsanyan Վահե Վարսանյան

* 1973

  • Ստանդարտ կալանավորին օրը մի ժամից ավելի զբոսանք էր հասնում։ Մեզ՝ քաղաքական պատճառներով նստածներին՝ ինձ, իննուկես ամսվա ընթացքում հինգ անգամ են տարել մաքուր օդի։ Մեծ դագաղի մեջ նստած էինք, ոչ մի բան չէր կատարվում, ճաղերից նույնիսկ օդ չէր խաղում։ Հինգ անգամ Կարմիր խաչի շնորհիվ մաքուր օդի էին տարել, ինը ամսվա մեջ երկու անգամ էլ բաղնիք են տարել։ «Պելե» սուրճ կար, դրա ժեշտերով հատուկ «կիպիծիլնիկներ» էինք սարքում, լվացարանի ջուրը եռացնում էինք, բաժակով վրաներս լցնում, մեզ խաբում, որ լողանում ենք։ Մեզ հետ մաքուր քրեական մեղադրանքներով նստած դեմքեր էլ կային։ Ապրել ենք։ Իննուկես ամիս ապրել ենք նրանց հետ։ Ճաշ էինք սարքում, դոմինո էինք խաղում։ Ով հաղթում էր, նա էր սարքում ճաշը, որովհետև անելու բան չկար։ Թվում էր՝ պետք է հակառակը լիներ՝ ով պարտվեր, նա սարքեր, իսկ մենք մրցում էինք, թե ճաշը ով սարքի, որ մի բանով զբաղվենք։ Զբաղմունք չկար։ Տնից գրքեր էին բերում։ Ահագին գիրք կարդացինք, ուղղակի տնից էլ նենց գրքեր էին ուղարկում, որ ծանր մտքեր չառաջացնեն։ Ամիսը մեկ անգամ տնից տեսակցության էին գալիս, ինձ բերած գրքերը փոխում էի ուրիշների գրքերի հետ»։

  • (Բանտում) շատ էի կարդում կալանավորների մասին։ Վերընթերցեցի Սոլժենիցինի «Արխիպելագ Գուլագը»։ Կարդում էի սովետական դիսիդենտներին, հատկապես՝ Շալամովին։ Նարկոման, մարդասպան՝ ինչ ասես գալիս էին, ու ամիսներով հետները ժամանակ էի անցկացնում։

  • Ընդդիմությունը գիշերը ցրեց հավաքը։ Առավոտյան արդեն հանրահավաք չտեսանք։ Գիշերը տանկերը մտցրին քաղաք, Ազատության հրապարակը փակվեց։ Վազգեն Սարգսյանը (պաշտպանության նախարարը) պաշտոնական հայտարարություն արեց, որ եթե ընդդիմության թեկնածուն հարյուր տոկոս էլ հավաքեր, իրենք իշխանությունը չէին հանձնելու։

  • Խիզախություն էր պետք, որովհետև էն ժամանակ լիքը խմբագրություններ էին վառվում, թերթեր էին փակվում, Ազատություն ռադիոկայանը փակվեց։ Շատ ուժեղ դիրքեր ուներ (Ազատություն ռադիոկայանը), բայց Լևոն Տեր-Պետրոսյանը (նախագահը) «Հանրային ռադիո»-ով փակեց նրանց ժամը։

  • Դժգոհությունների ալիքի վրա 1995-ին կազմակերպվեցին անկախ Հայաստանի առաջին ընտրությունները՝ պառլամենտական ընտրություններն էին, դրվեց նաև Սահմանադրության հանրաքվեն։ Իշխանությունը օգտագործում էր վարչական լծակներ, օգտագործում էր թաղի խաժամուժին, նաև գումարներ բաժանելու էլեմենտներ կային։ Իրենց համար ինքնանպատակ էր Սահմանադրությունն անցկացնելը, ընտրողների կեսից ավելին պետք է ձայն տված լիներ։ Ես 22 տարեկան էի, օգնում էի ԱԺՄ-ի (գլխավոր ընդդիմադիր կուսակցության) թեկնածուներին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչն էի։ Գնում էի նիստերին մասնակցելու։ Ամենախայտառակ բաներն էին կատարվում թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ քվեարկությունն ամփոփելիս։ Երևում էր, որ ժողովրդի քվեարկածը մի կողմ էին դրել, խաչ էին քաշել դրա վրա։ Ոստիկանությունում ամեն տեղ լցոնումներ էին արել։ Բացի պետական՝ ուժային ստրուկտուրաներից՝ պետության թիկունքին էր կանգնած Երկրապահ միությունը, որը ստեղծել էր Վազգեն Սարգսյանը՝ իշխանությունը պահելու նպատակով։ Այդ բանդաներով ցրում էին ընտրություններին նախորդած միտինգները, բավականին մեծ ընդհարումներ եղան, ինքս էլ էի ընկել այդ ընդհարումների մեջ։ Ոստիկանական մեքենաների դեմ փայտերով կռիվ էինք անում։ Իշխանությունը ջարդեց միտինգները, մարդիկ տեսան, որ ջարդված վիճակ ա, պասիվացան։

  • Մեր՝ համալսարան ընդունվելու տարում՝ 1990-ին, իշխանափոխություն տեղի ունեցավ։ Տարված էինք ընդունելության քննություններով, բայց հետևում էինք էդ գործընթացներին։ Մեկ-երկու տարի դեռ Սովետական Միության վիճակն էր՝ կոոպերատիվ շարժումներ կային, կյանքը եռում էր, մենք մեր դասերով էինք զբաղված։ Քաղաքականությամբ հետաքրքրվում էինք, բայց ամեն ինչ ռոմանտիկ չէր թվում ու չէր։ 1992-ից ոչ լույս կար, ոչ գազ կար, շրջափակում էր ու պատերազմ։ Ուսանողական կյանքն էլ էր դեֆորմացվել։

  • Մեծացել եմ ինժեներաուսուցչական ընտանիքում։ Երբ 88-ին շարժումը սկսվեց, ես դպրոցական էի՝ ֆիզմաթ դպրոցում էի սովորում, դասադուլներ սկսվեցին։ Դրա սկիզբն էլ կարելի է համարել Չեռնոբիլի վթարից հետո էկոլոգիական շարժումը ամբողջ Սովետական Միությունում։ Ատոմակայանը փակելուն ուղղված շարժումներ սկսվեցին։ Հայաստանում էլ մտան էդ էլեմենտները։ Քանի որ Սովետը թուլանում էր, Գորբաչովյան փոփոխությունները՝ «Պերեստրոյկա»-ն սկսվել էր, արդեն խոսքի ազատություն կար, տեսակետներ արտահայտելու չափավոր հնարավորություն կար։ Պրոբլեմների քննարկումը սկսեց բաց գնալ։

  • Համալսարանում քննարկումներ էինք անում, ընկերներով որոշեցինք գնալ՝ ԱԺՄ-ին օգնելու։ Փոքրաթիվ կազմով կուսակցություն էր, մեզնից տարիքով մարդիկ էին, ահագին բան էինք սովորում։ Ընդգրկվեցինք իրենց գործունեության մեջ։ Այդ ժամանակ ուսանողական հոսանքներ չկային, ուսանողությունը բավականին իներտ էր։ Քաղաքական պրոցեսներին շարունակում էին մասնակցել նույն 88-ի մասնակիցները։ Նոր ուսանողական սերունդը ավելի անտարբեր էր էդ ամեն ինչին։

  • Full recordings
  • 1

    Yerevan, 27.06.2023

    (audio)
    duration: 01:21:41
    media recorded in project Memory of Armenian Nation
Full recordings are available only for logged users.

Նորանկախ Հայաստանի առաջին ուսանողը

Վահե Վարսանյանը, 1996
Վահե Վարսանյանը, 1996
photo: pamětník

Վահե Վարսանյանը ծնվել է 1973-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Հայրը ինժեներ էր, մայրը՝ ուսուցիչ։ Սովորել է Ֆիզիկամաթեմատիկական ուղղվածության դպրոցում։ 1990-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ 1996-ի նախագահական ընտրություններում Երևանի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ էր, այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։ Ավելի ուշ անդամակցել է գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը՝ Ազգային ժողովրդավարական միությանը (ԱԺՄ)։ 1995-ին տեղի ունեցան նորանկախ Հայաստանի երկրորդ խորհրդարանական ընտրությունները, մեկ տարի անց՝ նախագահական ընտրությունները։ Ընդդիմադիր կուսակցությունն այս ընտրությունների արդյունքները համարեց կեղծված։ 1996-ի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ոստիկանական ուժերի և ընդդիմության միջև տեղի ունեցան բախումներ։ Ընդդիմադիրները ջարդեցին խորհրդարանի դարպասը և ներխուժեցին շենք։ Տեղի ունեցած բախումների հետևանքով 1996-ի սեպտեմբերի 26-ին Վահե Վարսանյանը ընդդիմադիր ընկերների հետ ձերբակալվեց և ազատազրկման մեջ մնաց մինչև 1997-ի հուլիսի 2-ը։ Մեղադրվեց զանգվածային անկարգություններ հրահրելու և դրանց մասնակցելու հոդվածով։ Ազատ արձակվելուց հետո դուրս եկավ քաղաքականությունից։