Aram Manukyan Արամ Մանուկյան

* 1947

  • Դա օգոստոսի 24-ին էր, երբ որ ես ընթերցեցի էդ պատմական, մեր լուսավոր փաստաթուղթը։ Դե, իսկ թե ես ինչի եմ ընթերցել, էդ երևի պարզ էր։ Մենք նաև սիմվոլներ պահեցինք։ Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, ոչ սիմվոլիստ լինելով` սիմվոլներին, որոշ, կողմ էին։ Իսկ էդ սիմվոլիզմը անկախությանն էր վերաբերվում, ոչ թե ուրիշ բաների։ Եվ սկզբունքային որոշում կար, սկզբունքային, էսպես, ստրատեգիական մոտեցում, որ մենք Առաջին Հանրապետության սիմվոլները պետք է ընդունենք․ երաժշտությունը, գերբը, դրոշը։ Ձեզ ասեմ, որ էս երեքը գեղարվեստական առումով լավագույն ստեղծագործությունները չեն՝ ո՛չ դրոշը, ո՛չ օրհներգը, ո՛չ հիմնը։ Բայց դա ամենևին չէր խանգարում, որ մենք պատմական ժառանգականությունը, պատմության շարունակականությունը ֆիքսենք, ոչ թե դիսկրետենք, ոչ թե կտրտենք պատմությունը, այլ ընդունենք Առաջին հանրապետության խորհրդանիշերը, և առաջիկա 2-3 օրերի ընթացքում՝ 23-ից հետո, էդ բոլոր սիմվոլները ընդունվեցին։ Էդ նույն համատեքստում, էդ նույն տրամաբանության մեջ կար Արամ Մանուկյան, որի բախտը բերել էր՝ Արամ Մանուկյան էր, իսկ առաջին հանրապետության դիկտատոր Արամ Մանուկյանը հիմնադիր էր համարվում, նրան ժողովուրդն էր տվել էդ կոչումը և իր փոխարեն որոշումներ կայացնելու իրավունքը։ Էդ սիմվոլը նույնպես Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վանո Սիրադեղյանի կողմից որպես բան, շարունկակականություն, ինձ հանձնարարվեց կարդալ հռչակագիրը։ Բացի էդ, ես քաղաքական հաղթած ուժի ներկայացուցիչ էի, երիտասարդ պատգամավորներից մեկը։ Էդպես, սիմվոլները շատ էին։ Ես գիտեի, շուտվանից ես գիտեի, որ ես էի կարդալու։ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրվելուց հետո, երբ որ սկսեց հանձնաժողովը աշխատել, ինձ ասել էր, որ ես պետք է կարդամ և պատրաստվեմ։ Ես պատրաստվում էի, բայց ոչ մեկ չգիտեր, ես ոչ մեկի չեմ ասել, որ ես եմ կարդալու։ Երկու-երեք հոգու հետ, էսպես, պարապում էի, որ առոգանությունը լավ լինի, հնչողությունը լավ լինի, և նպատակային անգամ ես չեմ մոտեցել ամբիոնին, որպեսզի առաջին մոտեցումը կենտրոնական ամբիոնին լինի Հռչակագրի ընթերցումը։ Անահիտ Բայանդուրի հետ եմ, էսպես, մշակել խոսքս, Վանո Սիրադեղյանի և մեկ էլ իմ ընկերոջ՝ Հովհաննես Մատինյանի, Վանաձորից ընտրված մեր պատգամավորի։

  • Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրվելուց հետո, հաջորդ իսկ օրը, 15 հոգանոց հանձնաժողով ստեղծվեց` պրոֆեսոր Կարեն Յուզբաշյանի գլխավորությամբ, որը Լևոն Տեր-Պետրոսյանի ուսուցիչն էր եղել, դասախոսը Լենինգրադում, ասպիրանտուրայում, հրաշալի գիտնական։ Նրա գլխավորությամբ ստեղծվեց բազմակուսակցական հանձնաժողով, և 20 օրվա ընթացքում 10 հատ նախագիծ էղավ։ Անկախության հռչակագրի 10 նախագիծ է եղել, բազմակուսակցական, կրկնում եմ։ Էդուարդ Եգորյանն էր ղեկավարում ՀՀՇ-ի բլոկը, էսպես ասած։ Վերջում իրենք, էդ հանձնաժողովը, էդ տասից երեքը քվեարկեց Պառլամենտին ներկայացնելու։ Պառլամենտը երեքից մեկը քվեարկեց՝ կից դիտողություններով: Եվ ամսի 23-ին խորհրդարանը 183 ձայնով քվեարկեց անկախության հռչակագիրը։ Հաջորդ օրը, ընդ որում ես կարդացել եմ Անկախության հռչակագիրը օոգոստոսի 24-ին, ոչ թե 23-ին։ Ամեն տեղ, նույնիսկ դասագրքերում, գրված է, որ Հռչակագիրը ընթերցվել է 23-ին, էդպես չի, Հռչակագիրը 23-ին ընդունվել է 183 ձայնով, և Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնարարեց խմբին գնալ, մշակել, խմբագրել կետը, տառը, ոչ բովանդակությունը, բերել, էսպես, խմբագրական տեքսի, որովհետև դա արդեն պետք է հաջորդ օրը համայն աշխարհին հրապարակվեր Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը, և պետք էր որևէ թերություն չլիներ։ Գիշերը հանձնաժողովը աշխատեց, առավոտյան էկան արդեն պատրաստ և քվեարկեցին արդեն 193 պատգամավոր։

  • Եվ 89-ը թվականին արդեն, 88-ի վերջից սկսեց անկախական գործընթաց, մենք տեսանք, որ շարժումը էդ բնույթով չի կարող Ղարաբաղի հարցը լուծել: Ե՛վ հասարակությունն էր պահանջում, և՛ «Ղարաբաղ» կոմիտեն եկավ կամաց էդ եզրակացության, որ հարկավոր է գնալ անկախության ճանապարհով, իսկ անկախության ճանապարհով գնալու համար հարկավոր էր վերցնել իշխանություն։ Էն ժամանակ էր, որ կամաց, արդեն 89-ին, հասունացավ արդեն իշխանություն վերցնելու խնդիրը և Ղարաբաղի հարցը լուծելու էդ ճանապարհով։ Եվ ինչն էր նաև, հիմնավորեմ, թե ինչու չգնացինք էլի ճակատային հարվածների։ 89-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մի քանիսը, հինգ հոգին, և Խաչիկ Ստամբոլցյանը, և Ռոբերտ Քոչարյանը, ընդգրկվեցին, ընտրվեցին Սովետական Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավորներ, Ռաֆայել Ղազարյանը ընտրվեց Գերագույն Խորհրդրի նախագահության նախագահի տեղակալ։ Դրանք բարձր պաշտոններ էին։ Էն ժամանակ էսպես էր օրենքը․ եթե որևէ տեղ մանդատ էր ազատվում, Գերագույն Խորհրդում, Սովետական Հայաստանի Գերագույն Խորհրդում, ընտրություններ էր կայանում։ Եվ էդ բոլոր ընտրություններում, հինգը, հետո երկուսը, ընտրվում էին Հայոց Համազգային Շարժման ներկայացուցիչները։ Այսինքն, կոմունիստների դեմ չգնալով, այսպես պատերազմ չհայտարարելով, կոմունիստական պառլամենտում ընտրվելով և ժողովրդի ճնշումով, եթե չլիներ ժողովրդի՝ թիկունքում եղած ճնշումը նրանք ոչ կընտրվեին, ոչ էլ կարող էին հարցեր բարձրացնել պառլամենտում։ Սկսեցին հարցեր բարձրացնել։ Այսինքն, դեռ մենք իշխանության չէինք, 89թ․ դեկտեմբերի 1-ին որոշում կայացավ Ղարաբաղը Հայաստանին միացնելու և շատ այլ բաներ տեղի ունեցան։ Հայոց լեզվի մասին որոշում ընդունվեց, Սովետական բանակ հայ զինակոչիկներին չուղարկելու որոշումը ընդունվեց, էդ ձևի շատ բաներ, էսպես, ժողովրդական ճնշման արդյունքում։ Կոմունիստական իշխանությունը ընդունում էր, կամաց-կամաց հետ քայլեր էր անում, բայց ջարդեր չէր անում։ Իհարկե, էղան դեպքեր։ Մասնավորապես հենց 88թ․ մայիսին ամենամեծ արյունալի դեպքն էղավ Էրեբունի համայնքում, հետո «Ստալիչնի պոլկ» կոչված բանում, զինվորական մասում, մենք տվեցինք էդ ընթացքում 35 զոհ, մի տեղ 26 զոհ, մի տեղ 10 զոհ, վիրավորներ։ Առաջին զոհերը էդ ժամանակ եղան։ Այսինքն, Սովետական Միությունը փորձում էր ամեն ինչ անել ճնշելու։

  • Իհարկե, էդ ընթացքում ինձ, մեր ակտիվիստներին, Սովետական Միության դատախազությունից էկան պատվիրակություններ, մեր տեղի Կա-Գե-Բե-ի հետ սկսեցին մեզ հարցաքննել, նկարել, վախացնել, զգուշացնել՝ էսպես կլնի, դուք խաղում եք կրակի հետ և այլն, և այլն։ Իհարկե, եղան մարդիկ, որ ընկրկեցին։ Բայց երբ որ հետևդ կար հարյուր հազարավորների աջակցությունը, դու արդեն հերոս էիր դառնում, չէիր վախենում դրանցից, և իրենք էին ընկրկում, ոչ մեկին չէին կարողանում խեղճացնել։ Էդպես սկսեցինք ակտիվանալ և անընդհատ կապը պահում էինք Երևանի «Ղարաբաղ» կոմիտեի հետ, իսկ «Ղարաբաղ» կոմիտեն՝ Երևանի, ուներ նաև էսպիսի սկզբունք․ մարզային հանդիպումներին էլ էր ինքը ուղարկում մարդիկ, և պատասխանատուներ կային։ Օրինակ, Լոռվա մարզի հետ աշխատում էին Դավիթ Շահնազարյանը և Սամսոն Ղազարյանը։ Հաճախ, եթե կարևոր բաներ էր լինում, գալիս էին, իրենք էին ներկայացնում։ Բայց եղել են շատ դեպքեր, շատ մի գուցե ծիծաղելի, բայց օրինաչափ բան․․․ Տեղի կառույցները շատ ինքնուրույն էին։ «Ղարաբաղ» կոմիտեի կենտրոնական որոշումները մեզ համար կիրառելի էին, ընդունելի էին, բայց եղել ա դեպքեր, որ մենք հրաժարվել ենք անգամ կենտրոնական «Ղարաբաղ» կոմիտեի կամ Ազատության հրապարակում ընդունված որոշումից։ Օրինակ, Երևանում սկսել էին գործադուլներ, մասսայական գործադուլներ, որպեսզի ճնշեն կենտրոնական իշխանություններին, նպաստավոր որոշումներ կայացնեն Հայաստանի համար և Արցախի համար։ Այ էդ գործադուլների կազմակերպումը շատ դժվար գործ էր։ Օրեր էր տևում՝ էս մի հիմնարկը չէր միանում, էս կրթական հիմնարկը չէր միանում, ընդեղ ակտիվ էին, մի տեղ պասիվ էին, և այլն։ Այ հենց որ սկսեց ստեղ ակտիվանալ, որ արդեն շատ էր գործադուլները, էսպես սուրհանդակները էկան Վանաձոր, որ մենք պետք է սկսենք գործադուլներ։ Մինչև մենք սկսեցինք, արդեն մասսայական էր, Երևանում որոշում կայացվեց, որ գործադուլները պետք է դադարեցվեն։ Տակտիկական առումով ճիշտ քայլը էդ պահին գործադուլների դադարեցումն էր։ Մենք մի կերպ, չարչարանքով, գիշեր-ցերեկ աշխատելով՝ Վանաձորի հիմնարկները հանել ենք գործադուլի։ Նոր-նոր մասսայական էր դարձել, մեզ հրաման է գալիս, որ դադարեցրեք։ Ասինք՝ չենք ենթարկվում ձեր հրամանին։ Հազիվ էս ժողովուրդը ըմբոստացել ա, հազիվ փողոցներն ա լցվել, արդար պահանջ ա, ո՞նց կարող ես չարչարվել մի շաբաթ, հիմա էլ ասես՝ չէ, գնացեք տուն։ Չէ՛, նորից էկավ հրաման, որ պետք է դադարեցնել գործադուլները։ Մենք Վանաձորում, մեր «սուպեր համարձակ» քաղաքական գործիչներով՝ եթե դուք մեզ ստիպելու եք, մենք Վանաձորը հռչակում ենք անկախ և միանում ենք Վրաստանին։ Սա իհարկե լուրջ չէր, բայց վախեցան և սկսեցին հաշվի առնել, որ տեղական կառույցներին չի կարելի նեղացնել, տեղական կառույցները ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունեն։ Էստեղ ժողովրդավարությունը իսկապես աշխատում էր։ Էսպես միայն ուղերձներով չէր, հրահանգնեորվ չէր աշխատում շարժումը։

  • Նկարիչները, որոնք հաճախ իրար հետ հավաքվում էին, մի-մի բաժակ խմում էին, կամ ցուցահանդեսներ էին անում, էս բանից, շարժման լուրից հետո, Երևանից էկող լուրերից հետո, սկսեցին հավաքվել արդեն քննարկելու քաղաքական խնդիրները։ Եվ հենց հիմնականում էդ կորիզն էր Վանաձորի «Ղարաբաղ» կոմիտեն, որը սկսեց հավաքել, իր շուրջը նաև հավաքել այլ, արդեն ավելի ջահել, այսպես ասած, նկարիչների, գիտնականների, դերասնանների: Ես արդեն երկրորդ էշելոնն էի, հա, մի քիչ էլ ջահել իրենցից, և էդպես տարածվեց և հաջորդ քայլը փորձեցինք, և իրենք փորձեցին ընտրել ակտիվիստներ տարբեր հիմնարկներից, տարբեր կազմակերպություններից։ Նրանք ի հայտ էին գալիս համարյա ինքն իրենց։ Այսինքն սկսում էին հետաքրքվել, կամ իմանում էին, որ ընդեղ նկարիչները հավաքվել էին, գալիս էին ասում էին՝ կարելի ա մենք էլ մասնակցենք ձեր հավաքներին, հանդիպումներին, քննարկումներին, ստանում էին արդեն առաջարկներ, հանձնարարություններ, և ամեն մեկը գնում էր իր կազմակերպությունում ստեղծում «Ղարաբաղ» կոմիտներ։ Էդ կոչվում էր «Ղարաբաղ» կոմիտեներ, յուրաքանչյուր հիմնարկում, յուրաքանչյուր արտադրության մեծ կառույցներում ստեղծվեցին «Ղարաբաղ» կոմիտեներ, որոնք, հենց էդ «Ղարաբաղ» կոմիտեները, սկսեցին արդեն ներսում ազդել էդ ձեռնարկությունների ղեկավարների վրա։ Որովհետև էդ կոմիտեն չէր կարող ոչինչ անել, ասենք՝ Մոսկվա նամակ գրել, կամ հայտարարություն անել, կամ ժողով անել։ Մենք էդ փոքր խմբերով՝ ներսի, ստիպում էինք հիմնարկների ղեկավարներին կազմակերպել ժողովներ՝ քննարկելու էդ հարցերը, կամ՝ դիմում գրել Մոսկվա, Կրեմլ՝ պահանջելով Ղարաբաղի ազատումը, և այլն։ Էդպես յուրաքանչյուր հիմնարկում ստեղծվեցին էդպես օջախներ, կրկին, որոնք համագործակցում էին էդ կենտրոնական կառույցի հետ, և էդպես տարածվեց, տարածվեց, դարձավ համազգային, ու սկսեցինք արդեն միտինգներ կազմակերպել։ Միտինգները գնալով դառնում էին բազմամարդ, ազդեցիկ, և էն ժամանակ արդեն իշխանությունները, ձեր ասած կոմունիստական իշխանությունները, կամ կենտրոնական կամ տեղական չինովնիկները սկսում էին կամաց համակերպվել դրա հետ։

  • Դա շարժման սկիզբն էր, 88-ի փետրվարը։ Եվ 88-ի փետրվարի լուրերը շատ հետաքրքիր բացատրություն ունեն։ Առանց հեռուստատեսության, առանց ֆեյսբուքի, առանց լրատվամիջոցների, սոցիալական կայքերի տարածվում էին ոչ պակաս արագությամբ։ Կայծակնային արագությամբ։ Զուտ մարդկային գործոնով։ Այսինքն, եթե Ղարաբաղում ինչ-որ բան տեղի էր ունենում, իսկ դա սկսվեց փետրվարի սկզբներին, 13-ին, 18-ին, հետո 21-ին, լուրերը էնտեղից գալիս էին հասնում էին Երևան, և անմիջապես դա դառնում էր էսպես համահայաստանյան։ Ինչպե՞ս էր տարածվում Երևանից, ինչպես երևանցիներն են ասում՝ շրջաններ (մենք նեղանում էինք, որ շրջան էին ասում, ասենք Լոռին կամ Շիրակը)․ մեկ հոգին բավարար էր։ Մենք ունեինք էդպես փոստատարներ, ավետաբերներ, որոնք մասնակցում էին երևանյան միտինգներին և երեկոյան մի երկու ժամվա տարբերությամբ էդ լուրերը հասնում էր Հայաստանի բոլոր շրջաններ։ Եվ էդ ըմբոստացումները, միտինգները, պիկետները, ցույցերը, գործադուլները, էսպես հաղորդակից անոթների կանոնով շատ արագ տարածվում էին և սկսում էին համահունչ աշխատել։ Էնպես որ, էդ ժամանակ չկար որևէ միջոց, զուտ մարդկային ֆիզիկական ինֆորմացիոն գործիքն էր աշխատում։ Եվ աշխատում էր անսխալ, Ճշգրիտ, որովհետև էդ ժամանակ չկար, էսպես ասեմ, կուսակցական խնդիր, անհատական խնդիր, չկար իշխանություն վերցնելու խնդիր։ Կար համազգային խնդիր․ հարկավոր էր հասնել օգնության քո հայրենակիցներին, որոնք Ղարաբաղում ենթարկվում են փորձությունների, ջարդերի։ Հետո տեղի ունեցավ Սումգայիթը։ Ժամեր անց էդ ամենը տարածվեց Հայաստանում, և գնաց դեպքերի էսկալացիան։ Ստեղծվեցին բոլոր տարածքներում, էսպես, կազմկոմիտեներ։ սկզբից ոչ կարգավորված, ուղղակի խմբեր, ակտիվ մարդկանց խմբեր, որոնք փորձում էին կազմակերպել հանրությանը, որպեսզի աջակցություն ցույց տան Ղարաբաղի ժողովրդին։ Էնպես որ դա էր մեթոդը շարժման, տարածման մեթոդը։ Հետո սկսեց արդեն սամիզդատը աշխատել։ Սկսեցին թռուցիկներ տպվել։ Ընդ որում, թռուցիկները, շատ հետաքրքիր էր, տպվում էին մատներով աշխատող մեքենաների վրա, տպագրող մեքենաների վրա, բազմացվում էին, քսերոքս էլ չկար, ասենք, ոչ կոմպյուտեր կար, ոչ քսերոքս կար։ Մենք, ասենք, ես աշխատում էի Վանաձորի «Ավտոմատիկա» գիտաարտադրական միավորումում, մեր բաժնում կար մի հատ տպագրական մեքենա, դնում էինք, ասենք, հինգ-վեց-յոթ օրինակ թերթ, թռուցիկները բազմացնում, տալիս ամեն մեկը մեկին, ամեն մեկը նորից տարածում էր իրա հիմնարկում, հինգ-վեց-յոթ, էդպես տարածվում էր։ Թռուցիկները դարձել էին լավագույն միջոցը ինֆորմացիայի միջոցների, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, և էդպես տարածվում էին։

  • Շատ հետաքրքիր պատմություն հիշեցի։ Հայրս կոմունիստ է եղել, եղել է նույնիսկ կոմունիստական լիդեր, հիմնարկի, մեկ հիմնարկի լիդեր: Եվ ես երբ որ աշխատում էի գիտական հիմնարկում, հայտարարվեց մրցույթ գիտաուսումնական հիմնարկի ղեկավարի համար: Ես փորձված էի, արդեն ունեի աշխատանքային փորձ, գիտելիքներս հերիքում էր՝ հայտ ներկայացնելու էդ բաժնի վարիչի մրցույթի համար։ Գործերս տվեցի, ասեցին՝ ստոպ, դու պետք է Կոմունիսատական կուսակցության շարքերը ընդունվես, որից հետո կարող ես մասնակցել էդ մրցույթին։ Ես էլ ուզում եմ, գիտական հիմնարկ է, կարիերայի համար հարկավոր է, անհրաժեշտ է ընդունվել։ Ասեցի, դիմեցի հորս։ Ասեց՝ փորձենք, եթե պետք է։ Եվ իրա էդպես կոմունիստ, լոկալ կոմունիստ լիդեր լինելը օգտագործեց, գնաց քաղկոմ իրա ծանոթի մոտ՝ ասելու էս ձևի խնդիր կա, կարո՞ղ եք ընդունել, օգնել։ Պատասխանել էին, որ 3000 ռուբլի է պետք դրա համար, որպեսզի ընդունվես Կոմունիստական կուսակցության շարքերը։ Դա շոկ էր։ Շոկ էր ինձ համար, որ կոմունիզմ․․․ լսել էի, բայց որ դրա համար պետք է էդքան փող տաս։ Շոկ էնքան ինձ համար չէ, ինչքան հորս համար, որը հիասթափվեց, հիվանդացավ, ջարդվեց, որ էդ իրա էսպես 50 տարվա արդար աշխատանքը, էն ժամանակ ասում էին «կոմունիստական արդարության աշխատանքը», ջարդեցին։ Եվ դա շատ կարևոր շրջակետ դարձավ ինձ համար՝ ատելու էդ հասարակությունը, էդ կուսակցությունը, էդ իմպերիան։ Դա շրջադարձային էր, և ես սկսեցի ավելի շատ ակտիվ․․․ Իհարկե, էդ մրցույթին չմասնակցեցի, իմ կարիերան էդտեղ կանգնեց, դրանից առաջ չկարողացա գնալ, որովհետև չունեի էդ տոմսը, բայց փոխարենը արդեն հակառակ գնալու կիրքը, հակառակ գնալու մոտիվացիան մոտս շատացավ, սկսեցի ակտիվ արդեն զբաղվել քաղաքականությամբ, էդ բոլոր աքսեսուարներով։ Եվ էդպես դարձա էսպես հասարակական լիդեր, հասարակական ճանաչված մարդ։

  • Կոմունիստները շատ չէին խանգարում մեզ։ Չէին կարող։ Մեր ոգին, պատրաստակամությունը շատ ավելի բարձր էր։ Մի հատ տարօրինակ ձեզ օրինակ ասեմ։ [19]91թ․ մենք քվեարկում ենք Կոմունիստական կուսակցության սեփականությունը ձեռքներից առնելու, պետականացնելու օրենքի նախագիծը։ 160 հոգի մոտավորապես քվեարկում է կողմ, 7 հոգի քվեարկում է դեմ։ Հիշեք, էդ կեսը կոմունիստներն էին, բայց էդ կոմունիստների մեծ մասը քվեարկեցին իրենց սեփականությունը պետությանը հանձնելուն։ Այսինքն, կոմունիստները այլևս չունեին էդ թափով գործելու, գործունեություն իրականացնելու հնարավորությունը, թեպետ փորձում էին հարամել, փչացնել։ Հուլիսի 20-ի նիստը, երբ առաջին նիստն էր, Պառլամենտը հավաքվեց, երբ որ Կաթողիկոսը ողջունեց, Ներքին գործերի նախարարը պաշտոնապես հայտարարեց Խորհրդարանում, որ ես չեմ վերցնում պատասխանատվություն ձեր նիստերի և ձեր անվտանգությունը ապահովելու համար։ Սա, սա դեմարշ էր։ Այսինքն, կոմունիստները հայատարարեցին, որ օրինական ընտրված պառլամենտի անվտանգությունը դա իրենց գործը չէ։ Դա նշանակում է, որ ինչ էլ լինի, իրենք չեն պաշտպանելու։ Եվ եղել են դեպքեր, երբ զենքով մարդիկ բարձրացել են մինչև հասել ամբիոն։ Մենք ներկա ենք եղել դեպքի, երբ որ մեկը նռնակով, նռնակը ձեռքին բարձրացավ, հասավ կենտրոնական ամբիոն, և սկսեց այսպես վախեցնել։ Բաբկեն Արարքցյանի խոհեմության, էս ճշգրիտ, սառը բաների հաշվին, կողմնորոշման հաշվին, էդ մարդուն խելոք, էսպես, հանգստացրեց, տարավ մի հետևի սենյակ, հանգստի սենյակ խորհրդարանի, ինչ բառերով, ինչ բանով, ու նոր անվտանգության ծառայությունները էկան, էդ մարդուն, բանը, զենքը վերցրեցին։

  • Նախ, դժվար էր, որովհետև առաջին անգամն էր։ Աշոտ Ոսկանյանի օրինակը մենք ունեինք։ Աշոտ Ոսկանյանը մի անգամ ամբիոն բարձրացավ և չկարողացավ խոսել։ Այդ ծանր լարվածությունը, բեռը, քեզ բան ա անում, կծկում ես ապրում և չես կարողանում խոսել։ Ես առաջին վայրկյանին էդ զգացողությունը ունեցել եմ։ Ծնկներս ուղղակի դողում էին։ Ոչ փոխաբերական իմաստով, իսկապես ծնկներս դեղում էին։ Եվ դրա համար էլ, ես գիտեի, որ լարվածություն ա լինելու, էդ պատմականության բեռը զգում էի, էդ պատասխանատվությունը զգում էի։ Հիսուն գրամ օղի եմ խմել, մի անգամ կարդացել եմ բանում, Հովիկ Մատինյանի հետ մեր ճաշարանում, բուֆետում։ Երկրորդ անգամ էլ կարդացի էդ հիսուն գրամը խմելուց հետո: Էսպես ուսիս խփեց ու ասեց՝ գնա կարդա։ Ըտեղ մի բան էլ տեղի ունեցավ մինչև էդ։ Դա մեր սպասած ժամին չէր, որ ես պետք է կարդայի, մի քիչ ավելի շուտ Տեր-Պետրոսյանը կանչեց, հանձնարարեց, որ 15 րոպեից կարդալու ես։ Ասի՝ ո՞նց, շեֆ, հլա դեռ պիտի պարապեի, սպասեի, բան։ Ձև գտավ՝ չես ուզում, ուրիշին կասեմ, ուրիշը կկարդա։ Ո՞նչ չեմ ուզում, լա՛վ, 15 րոպեից պատրաստ եմ։ Իջա, կարդացի, էդ ներքև փորձը արեցի, էրկու անգամ կարդացի, բարձրացա արդեն ամբիոն, ծնկներս դողացին․․․ Հետո շատ եմ նայել։ Առաջին նախադասություններում կարդալու ժամանակ անփորձ եմ։ Շեշտադրումները, կետադրումները էդպես պրոֆեսիոնալ չեն, լավը չեն։ Մի քանի բան հետո, նախադասություն հետո, էսպես նոր ընկնում եմ տեղը, արդեն բառերը հատու, գեղեցիկ, ինտոնացիան նորմալ կարդում եմ։ Ու դրանից հետո ես դարձա ժողովրդի համար համբուրելու բան։ Դուռ։ Փողոցում բոլորը գրկում էին, համբուրում էին, սելֆի անելու տարբերակ չկար էն ժամանակ, էդ ձեռքի հեռախոսները չկար․․․ Պաշտամունքի առարկա էի դարձել էդ օրերին։

  • Հռչակագիրը ամբողջությամբ կոնսենսուսային փաստաթուղթ է։ Եվ Հայոց Համազգային Շարժման ղեկավարությունը, և Բաբկեն Արարքցյանը, Վանոն և Լևոնը մտածում էին, որ պարտադիր պետք է, էսպես, ցանկացած կամայական, ցանկացած ոչ տրամաբանական, ցանկացած ոչ իրավաբանական առաջարկ պետք է քննարկվի։ Քննարկել ենք օրերով, գիշերներով, միայն թե առաջարկի հեղինակը բավարարված դուրս գա, որպեսզի հետո քվեարկեին, որ ստացվի, որ իրենց ասածը քննարկվել է, իրեքն չեն խռովել, չեն նեղացել։ Իմաստը հետևյալն էր․ ստեղծել մի փաստաթուղթ, որը դարերի համար է, որ փաստաթղթի ընդունման հաջորդ օրը չգար որևէ կուսակցություն ասեր` էս ինչ ոչ դեմոկրատ խորհրդարան է, էս ինչ ոչ դեմոկրատ ղեկավարություն է, էսպես հրաշալի առաջարկներ բերեցինք ու չընդունեցին։ Դրա համար համբերատար, Տեր-Պետրոսյանը համբերատար բոլորի առաջարկները մանրամասն քննարկում էր, դնում էր քվեարկության,անցնում առաջ, դնում քվեարկության, անցնում առաջ։ Եվ դրա արդյունքում էր, որ ոչ մեկը հետո, չի եղել էդպիսի քաղաքական գործիչ, կուսակցություն, որը փորձի ստվեր քցի Անկախության Հռչակագրի, էդ փաստաթղթի վրա։ Այսինքն, նրա ամրությունը, նրա կոնսենսուսային լինելն էր բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ։ Իհարկե, էդ քննարկումների ժամանակ կային կետեր, որոնք շատ սուր էին ընկալումների առումով, շատ դժվար էր լինում համոզել, որ էդ կետը լինի կամ չլինի։ Առաջինը, 89 թվականի Ղարաբաղի և Հայաստանի միացման կետն էր, որը պրիամբուլայում էր, և վերջինը, որը ոչ պակաս քննարկումների առիթ ստեղծեց, Ցեղասպանության ճանաչման խնդիրն էր։ Ցեղասպանության ճանաչման հետ կապված կային շատ սուր առաջարկներ, էսպես ասած չակերտով «համարձակ» առաջարկներ, բայց Տեր-Պետրոսյանը միշտ ասում էր՝ Ցեղասպանության զոհերը սփյուռքն են, Ցեղասպանության տերը սփյուռքահայությունն է, և Ցեղասպանությունը մարդկության ճանաչման խնդիրն է։ Եթե Ֆրանսիային պետք է ճանաչել Ցեղասպանությունը, դա ինքը մեզ համար չպետք է անի։ Մարդկության դեմ կատարված որպես հանցագործություն, Ֆրանսիան ինքը պետք է շահագրգիռ լինի խուսափելու այդ ցեղասպանությունից, ինքը կճանաչի։ Այսինքն ինքը մեզ նվեր չի տալու, ավանս չի տալու՝ Հայաստանին օգնելու համար Ցեղասպանության փաստը ուզում ենք ճանաչել։ Դրա համար մեր մոտեցումը հետևյալն էր․ մենք չպետք է դիմենք աշխարհին՝ արի մեր ցեղասպանությունը ճանաչի, պետք ա՝ ճանաչի, գտնու՞մ ես, որ տեղի ա ունեցել դա։ Էս բանի մեջ քննարկումները շատ էին։ Եվ ընդունվեց բոլոր դեպքերում էլի կոմպրոմիսային, էլի փոխզիջումային, որ Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնում, աջակցում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Սա կոմպրոմիսային էր։ Կարող ա մի քիչ խռովեցին, բայց էդ կետը մնաց։ Կար առաջարկ, որ էդ կետը ընդհանրապես չմտնի, պետության կառուցման հետ, անկախության․․․ տեսակետ ա՝ ի՞նչ կապ ունի ցեղասպանությունը, եթե էդպես, կար առաջարկ՝ գուցե այլ դեպքեր էլ ունենանք պատմական արդարությունը վերականգնելու, բայց էս փաստաթղթի խնդիրը, և դա էր պրագմատիզմը, որ դու պիտի փորձես խուսափես ռոմանտիզմից։ Պետության կառուցման փաստաթուղթն է։ Պետություն կառուցում ես թշնամիներ վաստակելո՞վ, թե՞ քո պետությունը հայտարարում ես, որ պետություն է։

  • Մենք մտանք խորհրդարան։ Հուլիսի 20-ին տեղի ունեցավ առաջին նիստը: Հրաշալի մի նիստ, պատմական մի նիստ, որին ողջունեց Վազգեն կաթողիկոսը։ Մենք դեռ չունեինք մեծամասնությունը, թվով մեծ էինք, բայց կեսից ավել չէինք։ Եվ առաջին ամենադժվար արգելքը, որ մեր առջև կանգնեց, հուլիսի 3-ի, ներեղություն, օոգոստոսի 3-ի Գերագույն Խորհրդի նախագահի ընտրություններն էին։ Երկու թեկնածու՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Վլադիմիր Մովսիսյանը, հավասար ուժեր։ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքեց 110 ձայն, պետք էր 140, չէր հերիքում։ Մովսիսյանը հավաքեց 95 ձայն։ Համարյա հավասար գնում էին և երկու-երեք օր, չորս-հինգ քվեարկությամբ, մի կերպ երեք օրվա ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի ձայները հասավ 140-ի։ Էն էլ՝ ինչու՞ համար։ Ի՞նչ տեղի ունեցավ էդ ժամանակ Հայաստանի քաղաքական դաշտում։ Կոմունիստները, տեսնելով, որ իրենց թեկնածուն չի անցնում, կոմունիստների երիտասարդական թևը, էսպես ասած, որ նոր էին մտել Կոմունիստական կուսակցության շարքեր, Վիգեն Խաչատրյան, Արտաշես Թումանյան, Գագիկ Հարությունյան, այդ, որոնք նաև կրթություն էին ստացել, մի քիչ ավելի ազատական էին, իրենք տեսան, որ Շարժումը առաջ է գնում, բայց իրենց գործերը չի ստացվում, իրենք միացան։

  • «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամներ դեմ էին, որ Շարժումը դառնա կուսակցություն, որովհետև Շարժումը ընդարձակ էր, իր մեջ ընդգրկում էր համախոհներին, որոնք պարտադրված չէին լինել կուսակցական [դառնալ]։ Այսինքն, հզորությունը շարժման մեջ ավելին էր։ Բայց «Ղարաբաղ» կոմիտեի մյուս թևն էլ հիմնավորում էր, որ Շարժումը պետք է կանոնակարգվի, ղեկավարվի դեմոկրատական սկզբունքներով, և վերևից ընդունված որոշումները պետք է պարտադիր լինեն ներքևի համար, իսկ ներքևից առաջարկները բարձրանան վերև՝ որպես դեմոկրատական ցենտրալիզմի կանոններ։ Բայց վերջում, էդ երկար, բուռն քննարկումներից հետո մենք ստիպված էինք գնալ կանոնակարգելու՝ և՛ օրենքին համապատասխան, և՛ այլ կառույցների հետ հարաբերվելու, իրավական հարաբերակցություն ունենալու համար ստիպված էինք գնալու և ուզում էինք գնալ համագումարի՝ կուսակցություն ստեղծելու համար։ Երկու-երեք օր տևեց համագումարը։ Հազարից ավել պատվիրակներ են եղել, և համագումարի դրսում եղել է նաև մի քանի հազար մարդ, որոնք հետևում էին մեր աշխատանքին։ Դա իսկապես պատմական էր իր բովանդակությամբ։ Մեր բոլոր համագումարները դրանից հետո միշտ ծնել են փաստաթղթեր, պատմական փաստաթղթեր, հետագայում պետության կառուցելու սկզբունքների վերաբերյալ։ Եվ էդ ժամանակ ծավալուն փաստաթուղթ ընդունվեց Հայաստանի անկախության, Հայաստանի հետագա գործունեության և կուսակցության գործունեության բոլոր ոլորտների վերաբերյալ։ Էն ժամանակ ոլորտները մենք առանձնացնում էինք՝ արտաքին, մշակույթ, ներքին, քաղաքական, և այլն, և այլն։ Դրանք բոլորը պատմական փաստաթղթեր էին։ Իսկ վերջում ամենագեղեցիկ մասն էր։ Պետք է ընտրվեր առաջին անգամ Հայոց Համազգային Շարժման ղեկավար մարմին, վարչություն։ Հազար հոգի քվեարկել են, պետք է ընտրվեր երևի 30-ի չափ մարդ։ Բայց հաշվելը, էն ժամանակ հաշվելու ժամանակ չկար կոմպյուտեր, չկար որևէ բան, էդ բոլորը ձեռքով պետք է հաշվեին ասենք մի 50 հոգի։ Եվ ամբողջ գիշեր էդ 1000 հոգին Ամերիկյան Համալսարանի էսօրվա դահլիճում համերգ են տվել։ Երգել են բոլորը։ Հայրենասիրական երգեր, ոգևորող երգեր, գեղեցիկ երգեր։ Եվ ի՞նչն էր լավը․ բոլորը լավ էին երգում։ Ես էլ եմ երգել, ընդ որում երգել եմ․ «Ես Արամն եմ, քաջ Արամ, ինձ տանում են կախաղան», էդ երգը, «բայց կաղանից պիտ գոռամ մինչ․․ ըմ․․․ազատություն»․․․

  • Վանաձորը միշտ էղել է նկարիչների քաղաք, արվեստագետների քաղաք, և իմ բոլոր ընկերները․․․ և գիտական․․․ ես աշխատում էի․․․ Ամենաշատ գիտական հիմնարկները Վանաձորում էր, և էդ գիտական հիմնարկները հետո սկսեցին զենք արտադրել Ղարաբաղի համար։ Շարժման ակտիվիստները էսպես ծլեցին, տեղից դուրս էկան բնական մրցույթով։ Լավ էր խոսում, ում տեսքը լավն էր, ով վստահելի էր, ով արդեն համոզել էր, որ իրեն արժե վստահել։ Իմ ամբողջ շրջապատը էդ գիտական և նկարիչների մարդիկ էին, որոնք դարձան հետագայում իսկապես շարժման հերոսներ, շարժման ղեկավարներ։ Եվ ամենաառաջինը մենք էինք արձագանքում էդ բաներին։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ դրան նպաստել է գորբաչովյան հալոցքը։ Գորբաչովյան շարժումը, գորբաչովյան էդ գործընթացը թույլ տվեց հասկարակությանը ակտիվանալ։ Իհարկե տաբու կար վերևում, դու պետք է ակտիվ լինեիր մինչև քաղաքական գործունեությունը։ Թե՛ մշակույթը, կրթությունը, էկոլոգիան՝ ինչ ուզում ես զբաղվի, բայց հանկարծ չես մտնում քաղաքական դաշտ, կուսակցական խնդիրներ չես․․․ Սա բավարար էր էդ ժամանակ էս բանը սկսելու։ Այսինքն, էդ ազատության շունչը, համեմատաբար ազատության շունչը, հնարավորություն տվեց մենք փողոցները լցվենք, մարդկանց ագիտացիա անենք, միջոցառումներ, ցույցեր։ Հիմնարկներում էն ժամանակ կային աշխատանքային կոլեկտիվների խորհուրդներ, որոնք իբր ղեկավարում էին հիմնարկները, նրանք սկսեցին ղեկավարել Ղարաբաղյան շարժումը։ Ախր էնպես էր էն ժամանակ, որ անգամ Կոմունիստական կուսակցությունը դեմ չէր էդ շարժմանը։ Ֆորմալ դեմ էր, իրան արգելած էր թույլատրել էդպիսի բաներ, մեզ Կա-Գե-Բե էին տանում, մեզ դատախազություն էին տանում, բայց երբ որ իրենց հետ առանձին զրուցում էիր, բոլորն էլ գիտեին, որ Ղարաբաղը հայկական է, Հայաստանի փրկությունը անկախության մեջ է, ազատության մեջ է։ Հետո, իրանք տեսել էին Արևելյան Եվրոպայի շարժումները։ Մենք ինֆորմացիա ունեինք Լեհաստանից, Չեխիայի, Մերձբալթյան հանրապետություններից, կապեր ունեինք։ Հետագայում միշտ էդ կապերը աշխատել են։ Մենք այցելություններ ենք ունեցել, իրենք են այցելություններ ունեցել։ Մի հատ օրինակ ասեմ, շատ լավ օրինակ է։ Երկրաշարժից հետո Վանաձոր էկան, Սպիտակ, Վանաձոր, ուկրաինացիներ, էստոնացիներ, և այլ երկրներից, մենք մեր շարժմանը մասնակից դարձրինք էստոնացիներին և ուկրաինացիներին։ Քանի որ իրենք էլ էին, էսպես ասած, ազատական երկրներից, ազատագրվող երկրներից, հաճույքով միացան մեզ։ Բայց դա ի՞նչ օգուտ տվեց։ Շատ կարևոր բան է։ Մենք վերցնում էինք էստոնական դրոշը, իրենց համաձայնությամբ, իրենց ակտիվիստներով, Ուկրաինայի դրոշը, մեջտեղը դնում էինք եռագույնը ու դուրս գալիս փողոցներ։ Սա Վանաձորի մասին եմ ասում։ Ոստիկանությունը այլևս ոչինչ չէր կարող անել։ Ուկրաինա, Էստոնիա, Հայաստան՝ գնում էինք երթի, ցույցի, միջազգային բան էր, ակցիա էր։ Հետո կապերը իհարկե պահեցինք։

  • Սկզբում Ղարաբաղի հարցը չեմ լսել։ Սկզբում, երբ որ էսպես մեր գիտակից բաները սկսվեց, ավելի շատ ԱՍԱԼԱ-ն էր, ավելի շատ ցեղասպանությունն էր, ավելի շատ էն մարդիկ էին, որոնք թուրք փաշաներ էին սպանել, և մենք գրքերն էինք էդ տպում, բազմացնում։ Այսինքն, հայրենասիրական նոտան աշխատում էր, կար, որովհետև գիտեինք։ Վերջին հաշվով 65 թվականին Հայաստանում տեղի էր ունեցել Ցեղասպանության հիսունամյակի միջոցառումներ, և շատ-շատ բաներով էդ ինֆորմացիան տարածվում էր։ Բայց Ղարաբաղի միացման, որպես կոնկրետ խնդիր, չի եղել։ Եվ չափավոր էր, դա զգուշավոր պետք է անեիր, դա թաքուն պետք է անեիր։ Էդ ժամանակ նույնիսկ «Ազատություն» կամ «Եվրոպայի ձայնը» չէիր կարող լսել։ Մենք գիշերները, այ հիշում եմ, դպրոցի վերջին տարիներին, գիշերը հավաքվում էինք մեր ընկերներից մեկի տուն, որպեսզի եվրոպական ռադիոկանալներ լսենք, «Ազատության ձայնը» լսենք։ Ոչ միայն Ազատության ձայնը, Փինք Ֆլոյդ լսելու համար էն ժամանակ, անգամ էդ գարբաչովյան տարիների ժամանակ, ասենք Լեթ Զեփըլին, Դիփ Փարփըլ կամ Փինք ֆլոյդ լսելը հնարավոր չէր։ Փող էինք հավաքում ամիսներով, մի հատ Փինք Ֆլոյդի սկավառակ էինք առնում, հավաքվում էինք մեր ընկերներից մեկի տանը, ով ուներ էդ նվագարկիչը և լսում արգելված բուրժուական երաժշտություն։ Բայց էդ արգելված պտղի քաղցրությունը հենց նաև ստիպում էր, որ էդ պտուղից դու օգտվես։ Այսինքն, մենք նաև դաստիարակվեցինք էդ ճանապարհով․ քանի որ արգելված է, քանի որ տպաքանակը հինգ հատ է, քանի որ երկու օրվա ընթացքում պետք է կարդաս, անընդհատ դու գնում էիր էդ հակառակ բանով, հոսանքին հակառակ։

  • Full recordings
  • 1

    Arménie, 02.11.2023

    (audio)
    duration: 02:01:14
Full recordings are available only for logged users.

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր

Արամ Մանուկյան
Արամ Մանուկյան
photo: Post Bellum

Արամ Մանուկյանը քաղաքական գործիչ և ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր է։ Եղել է ՀՀՇ վարչության նախագահ, ներկայումս Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահն է։ Առավել հայտնի է 1990 թվականի օգոստոսի 23-ին (ըստ Մանուկյանի՝ օգոստոսի 24-ին) Հայաստանի Անկախության հռչակագիրն ընթերցելու համար։ Արամ Մանուկյանը ծնվել է 1957 թ․, Կիրովականում (ներկայումս Վանաձոր)։ Նա Կիրովականի Մանկավարժական ինստիտուտի Ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժնի շրջանավարտ է։ 1978-1984 թթ․ ֆիզիկա և աստղագիտություն է դասավանդել Գուգարքի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցում։ Մանուկյանը ՀՀՇ անդամ է դարձել 1988 թվականին, իսկ 1990-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Կիրովական քաղաքից։ 1990 թ․ օգոստոսի 23-ին (ըստ Մանուկյանի՝ օգոստոսի 24-ին) Գերագույն խորհրդի ամբիոնից կարդացել է Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Մանուկյանը պատգամավոր է ընտրվել 1995-ին, ևս մեկ անգամ՝ 2012-ին: 2007-2008 թթ․ ակտիվորեն մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին, իսկ 2012-2017 թվականներին՝ հանդիսացել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար։