Zaruhi Muradyan Զարուհի Մուրադյան

* 1959

  • Մեկ էլ կադր ունեմ, երբ տանկերը Թումանյանով անցնում են։ Պարետային ժամ էր, հերթական գործադուլն էր, կանգնած նկարում էի. գործադուլ ա հայտարարվում, հրապարակը լեփ-լեցուն ա, և հանկարծ Պրոսպեկտի կողմից տանկային շարասյունը արագ սլանում ա Թումանյանով։ Ամբողջ հրապարակը դղրդում ա, ես, կադրս փոխում եմ դեպի տանկերը, տանկերը լավ չեն երևում, որովհետև մարդիկ ձեռքերը բարձրացրած գոռում են՝ «Արցախ», «Պայքար-պայքար մինչև վերջ» (1988-ի շարժման կարգախոսը, որը հետո նորից վանկարկվում էր 2008-ին առաջին նախագահի, այդ ժամանակ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին), որ լռեցնեն էդ տանկերը։ Տանկերը պտտվում են Սայաթ-Նովայով, գալիս են Օպերայի տարածք։ Միշիկը՝ Վոժդը (ցուցարարներից մեկը, որի մասին Զարուհի Մուրադյանը պատմում է իր հուշերում) հետս էր։ Լևոնը ասեց՝ գնա՛, նկարի՛, եկան-հասան հրապարակ։ Միշիկը ասեց՝ ես քեզ հետ կգամ, մի՛ վախեցի, ես քեզ կպահեմ։ Հիմա անհավատալի ա թվում։ Մենք վազում ենք միասին ժողովրդի միջով դեպի Պրոսպեկտ-Թումանյան անկյուն, Միշիկը հետևիցս։ Հետո Միշիկը զոհվեց Տավուշի մարզում. պայթեցրեց ինքն իրեն։

  • Լևոնն էլ բավականին ուշ միացավ։ Բեմի վրա էին Իգոր Մուրադյանը, Սարուխանյանը, որը անհետ կորավ հետո, չգիտեմ՝ ուր կորավ էդ մարդը, Սամսոն Ղազարյանը, որը, ցավոք սրտի, վերջերս մահացավ։ Ազնվագույն, նվիրյալ մարդ, որը ոչ մի բան չուզեց, ոչ մի բանի չհասավ։ Հետո կարծեմ հայտնվեց Աշոտ Մանուչարյանը։ 88-ի առաջին մեծ ցույցին խոսեց Ռաֆայել Ղազարյանը։ Դեռ չկար Ղարաբաղ կոմիտե, հետո կամաց-կամաց կազմավորվեց։ Բայց հավաքները առաջինը մեր տանն էին։ Ռաֆայել Ղազարյանը Վազգենի, Լևոնի և մյուսների հետ ծանոթացել ա մեր տանը։

  • Թումանյանի վրա կար հեռախոսի բուտկա, վազեցի էնտեղ, զանգեցի հայրիկիս՝ տուն, ինքը դեռ դուրս չէր եկել, և ասեցի՝ դու չես պատկերացնում՝ ինչ ա կատարվում, դու պետք ա գաս տեսնես։ Ասեց՝ էէ, ոչ մի բան էլ դուրս չի գա, էսա «Վրեմյա»-ով ասեցին, որ մենք էքստրեմիստներ ենք, չգիտեմ ինչ ենք, հեսա կգան կցրեն, ամեն ինչ կվերջանա։ Ինքն էդ ժամանակ չէր հավատում, որ դա թափ կհավաքի։ Հիմա, երբ հետ եմ նայում մեր անցած ամբողջ ճանապարհին, փորձում եմ անալիզ անել, ես հասկանում եմ, որ դա թույլ տված բան էր։

  • Էդ ֆիլմն էր՝ «53-ի սառը ամառը»։ Պապանովի վերջին դերն էր՝ շատ ողբերգական։ Մեզ չգիտեմ ովքեր հրավիրեցին Կինոյի տուն, քույրիկիս երեխաները փոքր էին, իմ երեխան փոքր էր, մաման մնաց երեխաների հետ, ու մենք ջահելներով գնացինք Կինոյի տուն։ Կինոյի տնից վերադառնալու ճանապարհին լսեցինք ձայներ։ Դա մոտավորապես ժամը տասն էր։ Էն ժամանակ քաղաքում էդքան մեքենա չկար։ Ես հանգիստ կանգնեցրի մեքենան Բայրոնի փողոցի՝ Խորեոգրաֆիկ ստուդիայի մոտ։ Փողոցը անցանք, գնացինք ու դեռ չգիտեինք՝ ինչ ա կատարվում։

  • Երևի վեց-յոթերորդ դասարանում ես սկսեցի լսել «թշնամական ձայներ», այսինքն՝ Ազատություն ռադիոկայան՝ բնականաբար ռուսերեն, Ամերիկայի ձայն։ Մի հատ հին Սպիդոլա (ռադիոընդունիչ) ունեինք, այսինքն՝ էն ժամանակ դա հին չէր։ Ես գալիս էի դասից, փնտրում-փնտրում էի էդ ալիքները ու լսում էի։ Ես հիշում եմ, որ ես էդ ռադիոյով լսեցի Սախարովի անունը, Ելենա Բոների անունը։ Ես դեռ դպրոցական երեխա էի։ Ես էլ շատ ազատական մարդ էի՝ հիպիությունը ինձ տանում էր, փորձում էի տենց հագնվել, հետո Գեղարվեստի ակադեմիա ընդունվեցի։ Չեմ ասի, որ 1988-ին ես թունդ անկախական էի։ Չէ։

  • Լևոն Տեր-Պետրոսյանը աշխատում էր Մատենադարանում, քույրիկս էլ էր աշխատում Մատենադարանում։ Իրենք ծանոթ էին դեռ Լենինգրադից։ Քույրս այնտեղ սովորում էր համալսարանում, Լևոնը ասպիրանտ էր։ Էն ժամանակ թեթև ծանոթ էին, հետո քույրս եկավ, աշխատանքի ընդունվեց Մատենադարանում։ Ամուսինն էլ արևելագետ էր, ու մինչև 1988-ը բոլոր ծնունդներին հավաքվում էր հիմնականում արևելագետների, պատմաբանների կոլեկտիվ, և քանի որ քույրիկս ամուսնու հետ ապրում էր մեր տանը, ես էդ սեղանները հիշում եմ, բավականին հասուն էի։ Լևոնը գալիս էր կնոջ հետ և երբեք չէր խոսում։ Ես էլ միշտ ասում էի՝ էս մարդը ինչի ա սենց նամռոտ մի անկյունում նստած։ Շահեն Կարամանուկյանն էր, Վահան Փափազյանն էր՝ ասող-խոսող, անեկդոտներ պատմող, իսկ ինքը միշտ աջ անկյունում էր նստում ու ձայն չէր հանում։

  • Ես չեմ ասում, որ ինքը՝ (Լևոն Տեր-Պետրոսյանը) հնուց եղել ա գործակալ։ Ես դա չեմ կարող հաստատել, բայց որ բոլորը վախենում էին Մոսկվայի ուժեղ ձեռքից, և որ բանտում նրանց՝ (Ղարաբաղ կոմիտեի ձերբակալված անդամների) հետ ինչ-որ աշխատանք կատարվել ա, համոզված եմ։ Ռաֆայել Ղազարյանը տարիքով մեծ էր և շատ անվախ մարդ էր, որովհետև անցել էր պատերազմ և իր անունն ուներ, ակադեմիկոս էր, նրան չէին կարողացել ճնշել և ասել, որ դու սենց պիտի անես կամ նենց։ Ինքը շատ արագ դուրս եկավ էդ ամենի մեջից։ Ոչ էլ պաշտոն գրավեց։ Մի պահից էլ շատ հեռացավ նրանցից։ Իսկ որ էդ իշխանությունը սկսեց կատարել ռուսական հրահանգները, ռազմաբազայի տեղադրումը…

  • Full recordings
  • 1

    Yerevan, 24.11.2023

    (audio)
    duration: 58:39
    media recorded in project Memory of Armenian Nation
Full recordings are available only for logged users.

Շարժման վավերագրողը

Զարուհի Մուրադյան 1988
Զարուհի Մուրադյան 1988
photo: Pamětnice

Ծնվել է 1959-ին Երևանում։ Հայրը նկարիչ, Նկարիչների միության նախագահ, քաղաքական գործիչ Սարգիս Մուրադյանն էր։ Սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Վավերագրել է 1988-ի համաժողովրդական շարժումը։ Տունը, որտեղ ապրում էր, քաղաքական քննարկումների հավաքատեղի էր։ 1960-ականների դիսիդենտներ, Ամերիկայի ձայն, Ազատություն ռադիոկայան՝ այս ամենի մասին գիտեր հորից։ Արևմտյան աշխարհի հետ կապն ապահովում էր ոչ միայն գործուղումների մեկնող հայրը, այլև մորական պապը՝ Կոնստանտին Քեչեկը, որը գերությունից հետո սիբիրյան աքսորից խուսափելու համար մեկնել էր ԱՄՆ։ Զարուհին շարժմանը միացել է սկզբից, ԱՄՆ-ից նվեր ստացած տեսախցիկով արձանագրել Հայաստանի պատմության համար բեկումնային շրջաններից մեկն իր բոլոր վայրիվերումներով ու խոհանոցային զրույցներով։